Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ինքնասպանություն չգործեց, բայց Անդրիաս Ղուկասյանը չի կիսում նրա ծրագիրը

13:39 • 10.04.13

Անդրիաս Ղուկասյանը սիրում է և հարգում է «Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին, բայց տվյալ դեպքում չի կիսում նրա այն գնահատականը, որ երեկ իր գործողություններով Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ինքնասպանություն գործեց: Այս մասին ՀՀ նախագահի նախկին թեկնածուն ասաց Tert.am-ի հետ զրույցում և ավելացրեց. «Կարծում եմ՝ Տիգրան Խզմալյանի գնահատականը փոքր-ինչ զգացմունքային էր: Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացված քաղաքական ծրագիրը, որ նա պետք է գնա Մոսկվա, հանդիպի Պուտինին չհամոզեց: Ես չեմ կարող այդ տեսակ քաղաքական ծրագիրը կիսել , որովհետև սկզբունքնորեն դեմ եմ այն գաղափարին, որ մեր երկրի քաղաքական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ներքաշել այլ պետությունների»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը:


Նշենք, որ երեկ Տիգրան Խզմալյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել էր հետևյալը. «Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ինքնասպանություն կատարեց մեր աչքի առաջ, և ես ողբում եմ դրա համար, նման բարձիթողի ելք չէի պատկերացնում: Մենք վաղուց առաջարկել ենք Րաֆֆիին այլընտրանքային իշխանություն, այլընտրանքային ընտրություններ, այլընտրանքային համակարգ: Համակարգի դեմ պետք է պայքարել համակարգով, մենք առաջարկեցինք նրան այդ ճանապարհը, նա չցանկացավ և որոշեց միայնակ գնալ իր ուզած ճանապարհով: Շարժումն, իհարկե, կշարունակվի, բայց առանց Րաֆֆիի»,- Haynews.am կայքի հետ զրույցում հայտնել էր նա։
 

Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում վերհիշել էր նաև փետրվարի 20-ին իր կողմից արված մեկ այլ գրառում, որում, իր խոսքերով երկընտրանք էր կանխատեսել` «կամ Րաֆֆին իրեն կդրսևորի իբրև իր խոսքի ու ազգի քվեարկության տեր, կամ նա կվերածվի մեր պատմության հերթական քարոզ, ժամ ու պատարագ անող «տերտերի»: Խզմալյանը նույն գրառման մեջ արտահայտել էր նաև հետևյալ մտքերը. «Ես եղել եմ Րաֆֆու կողքին 2005 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին, երբ նա բազմահազարանոց հանրահավաքներ հրավիրեց Օպերայի մոտ, իսկ հետո... երկրից հեռացավ մի քանի ամսով: Ես եկել էի ու մնացի Րաֆֆու կողքին 2011 թ. նրա հացադուլի առաջին գիշերը, երբ անգամ նրա կուսակիցներից դեռ ոչ ոք չկար: Այս անգամ Րաֆֆու կողքին, միայն պաշտոնական տվյալներով, կես միլիոնից ավել մարդ կա: Եթե նա այս ամենը վերագրի սեփական անձին, եթե նա ականջ դնի օտար դեսպանների խորհուրդներին, եթե քաղաքական ու կուսակցական գործարքի գնա, ինչպես արել էր Լևոնը, մենք բոլորս պարտվելու ենք: Եթե նա վստահի հասարակությանն այնպես, ինչպես հասարակությունը վստահեց նրան, եթե նա անցնի Ազգային փրկության խորհրդի, Հիմնադիր ժողովի, լայն քաղաքացիական ճակատի ստեղծմանը, ապա նա կհաղթի: Մենք կհաղթենք: Այսօր, ոչ թե արտագաղթով ու դառնությամբ լցված տարիներ հետո: Հայոց պատմության բանաձևն այսպիսին է` ԿԱՄ ՏԵՐ, ԿԱՄ ՏԵՐՏԵՐ»:


Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի՝ «զորավարի» հետ Րաֆֆի Հովհաննիսյանի Ծիծեռնակաբերդ համատեղ այցին ու աղոթքներին, ապա Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Պարզ է, որ այդ օրը Վլադիմիր Գասպարյանը բոլոր ճիգերն էր գործադրում, որպեսզի կանխեր որևէ բախում քաղաքացիների և ոստիկանության միջև, և շատ գրագետ գործեց, «լոկալիզացրեց» երթի ղեկավարին, և իր գործողություններով թողեց անկառավարելի այդ զանգվածը»:


Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ այդ ռազմավարությունն ի սկզբանե ավելի վտանգավոր էր , որովհետև, ըստ նրա՝ չկառավարվող, առանց լիդերիների զանգվածը չի կարող ճիշտ որոշումներ ընդունել, ինչի մասին վկայում են «Մարտի 1-ի» դեպքերը:


Հիշեցնենք, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ այսօր առավոտյան կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինին՝ բերելու այդ հաղթանակը: Մինչդեռ այսօր «Ժառանգության» անդամների հետ զրույցից ակնհայտ դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում է, և «Ժառանգության» անդամներից Դավիթ Սասնասայանն էլ մեզ հետ զրույցում մեկնաբանեց դա, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է՝ եթե մարդիկ ցանկանան:


Ի պատասխան հարցի, թե իր կարծիքով նման թյուրըմբռնումները Րաֆֆի Հովհաննիսյանի՝ անգլերեն մտածելու ու խոսելու արդյունք է, Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ կգա ժամանակը, և Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը կմեկնաբանի իր գործողությունների ծրագիրը, բայց կրկնեց, որ իր համար սկզբունքային է այն հարցը, որ քաղաքական գործիչը երբեք առիթ չհանդիսանա երկիր արտաքին ուժեր «ներս բերելու» համար, եթե անգամ ՀՀ քաղաքացիները նրանից այդ խնդրեն:
Ավելին՝ Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ նման հարցադրումը լուրջ չէ, և ոչ էլ լուրջ է միտինգի ժամանակ նման հարցերի վերաբերյալ մարդկանցից արձագանք հայցելը:


Հիշեցնենք, որ երեկ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա, մի երիտասարդ նրան, ըստ էության կշտամբեց, որ նա 2,5 ժամ այդեղ չէր, իսկ ժողովուրդը այդ ընթացքում վերածվել էր ամբոխի:


Այս դիտարկման վերաբերյալ Անդրիաս Ղուկասյանը, ով երեկ բարձախոսով հայտարարեց հանրահավաքի պատասխանատվությունն իր վրա վերցնելու մասին, ասաց. «Դա այն իրադրությունն էր, որը պարոն Օսիպյանը նկարագրեց: Այո, Րաֆֆի Հովհաննիսյանի և իր թիմի հեռանալուց հետո առաջացավ կառավարման վակուում։ Փաստորեն, երթի կազմակերպիչները, բոլորը կամ գրեթե բոլորը չկային այդ պահին, և ես գնահատեցի, որ դա ինքնաբուխ իրադրություն է, քանի որ ոստիկանները մնում էին և չկար որևէ մեկը, որ վերցներ պատասխանատվությունն իր վրա, և ես բարձրախոսով հայտարարեցի, որ վերցնում եմ ինձ վրա պատասխանատվությունը և համապատասխան որոշումներ ընդունեցի, որոնք քաղաքացիները նույնպես համաձայնեցին իրականացնել։ Այն է՝ առանց բռնության իրականացնել նստացույց, մինչև Ոստիկանությունը թույլ տար անցնել դեպի Բաղրամյան 26: Սա էր իմ առաջարկը և մարդկանց մեծ մասը դրան կողմնակից էր»։


Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ ուրիշ քաղաքացիներ ևս կային որոնք փորձում էին համակարգել, կազմակերպել մարդկանց, որպեսզի այդ ամբոխը վերածվի կազմակերպված ժողովրդական ուժի և մասամբ հաջողեց:


Ի պատասխան հարցի, թե ինչպես կգնահատեր երեկ ոստիկանության գործողությունները, Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ ոստիկանությունը ցուցաբերեց ողջամիտ մոտեցում, բայց դրանց մեջ նա նոր որակ չի նկատում: Ավելացրեց, որ երեկ Բաղրամյան պողոտայում կար մոտ 3000 քաղաքացի և 7000 ոստիկան, որոնք որ բիրտ ուժ կկիրառեին, եթե տեսնեին, որ անկառավարելի վիճակը շարունակվում էր: Ինչի մասին և հայտարարել էին:


Հիշեցնենք, որ երեկ Անդրիաս Ղուկասյանը բերման էր ենթարկվել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժանմունք՝ ոստիկանության չենթարկվելու համար։ Մեզ հետ զրույցում ՀՀ նախագահի նախկին թեկնածուն ասաց, որ չի համաձայնել այդ որոշման հետ, հայտարարել է, որ գործել է իրադրությանը և օրենքի պահանջներին, Սահմանադրությանը համապատասխան և այդ հիմքով չի ընդունել մեղադրանքը, հրաժարվել է ստորագրել արձանագրությունը։