Բախումների իրավաչափությունը հիմնականում ոստիկանների կողմից է խախտվել. Ավետիք Իշխանյան

17:17 • 10.04.13

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը փորձագետների կողմից մոնիթորինգն ամփոփելով եկել է այն եզրակացության, որ երեկ երդմնակալությունից հետո տեղի ունեցած բախումների իրավաչափությունը հիմնականում խախտվել է ոստիկանների կողմից։


«Նախագահական ընտրություններից հետո բոլոր խաղաղ հավաքներին էլ մոնիթորինգ ենք իրականացրել։ Երեկ նույնպես զրուցել եմ, որպեսզի այսօր գնահատական տամ։ Մի քանի տեղ ֆիքսեցի, որ համաչափությունը խախտվել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպանը և նշեց, որ նախ հասարակության կողմից ոստիկանության կողմ մոմեր են շպրտվել, իսկ ոստիկանների կողմից սուր հայհոյանք է հնչել։


Հաջորդ հարցն ըստ նրա, վերաբերում էր մասնակիցներից ոմանց բերման ենթարկելու փաստին։ «Թե ինչքանով էր իրավաչափ, համենայն դեպս դրանք իրականում արվել են շատ կոպիտ, և այդտեղ նույնպես եղել է համաչափության խախտում»,- ասաց նա։


Ցերեկվա երթը, նրա խոսքով, որ պետք է գնային Բաղրամյան պողոտայով, վիճելի է, քանի որ նախապես իրազեկվել էր, որ հայտը մերժված է՝ այլ երթուղի առաջարկելով։ «Այլ բան է, եթե շարունակությունը եղել է ինքնաբուխ և ամեն ինչ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշմամբ չի եղել։ Արդյոք ինքնաբուխ շարժումներին իրավասո՞ւ էին գնալ. անկախ հավաքի բնույթից, եթե այն խաղաղ բնույթ ունի, Ոստիկանությունն իրավունք չունի միջամտել»,- ասաց նա։


Միաժամանակ Ավետիք Իշխանյանը նկատում է, որ երբ նախագահական երդմնակալություն էր, տրամաբանության մեջ էր, որ Ոստիկանությունը պատ էր կազմել և արգելում էր շարժվել առաջ։


«Չեմ կարծում այլ երկիր թույլ տար, որ նման միջոցառմանը նման փորձ արվեր տրամաբանության մեջ է, բայց երեկոյան արգելումը, երբ ամեն ինչ արդեն ավարտված էր՝ նորից համաչափությունը խախտվել է Ոստիկանության կողմից։ Երթը եղել է խաղաղ, և այդ ժամանակ արդեն երրորդ համաչափության խախտումն է»,- ասաց նա։


Չորրորդ դիտարկումը, ըստ իրավապաշտպանի՝ քաղաքում չափից դուրս շատ ոստիկանական խմբեր են եղել։


«Քաղաքային երթուղիներից դուրս ավտոբուսներում ոստիկաններ էին նաև ՊՆ մեքենաներ են եղել։ Չափազանցված ուժային կառույցների ներգրավումը անհանգստության չափազանցված պատճառ եմ համարում»,- ասաց նա։