Կալիֆոռնիայում 18-ամյա հայ ուսանողը կասկածվում է իր համակուրսեցուն բռնաբարելու մեջ

10:02 • 10.04.13

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում 18-ամյա հայը բռնաբարության մեջ է կասկածվում:

 

Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի առաջին կուրսի մի ուսանողուհի (անունն ու ազգությունը չի նշվում) դիմել է ոստիկանություն և պնդում է, որ իր համակուրսեցին՝  ազգությամբ հայ Հակոբ Ջեյք Կապլանյանը, իրեն բռնաբարել է:

 

Դեպքի առնչությամբ մանրամասներ չեն հաղորդվում: Լոս Անջելեսի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ աղջկա բողոքի հիման վրա Կապլանյանը ապրիլի 2-ին ձերբակալվել է, օրեր անց 200 հազ. ամերիկյան դոլար գրավի դիմաց ազատ արձակվել: Հաղորդվում է նաև, որ Կապլանյանին ժամանակավորապես արգելել են համալսարան հաճախել:

 

Կապլանյանի փաստաբանը, ինչպես նաև ընտանիքի անդամները մեղադրանքը անհեթեթություն են որակել: «Ավելորդ եմ համարում նշել, որ պրն Կապլանյանը և նրա ընտանիքի անդամները ցնցված են,-ասել է Հակոբի  փաստաբանը և հավելել,- Մենք հուսով ենք, որ հետաքննությունը կավարտվի, ամեն ինչ կպարզվի և  հարցը  կլուծվի»:

 

Ամերիկյան KTLA հեռուստաալիքի հետ զրույցում Կապլանյանի մայրը ասել է, որ իրենց պարզապես ցնցել է այդ լուրը: «Ես միայն կարող եմ ասել, որ իմ որդին անմեղ է...: Եվ մենք պատրաստվում ենք ապացուցել դա: Իմ որդին «այդ տեսակի»  տղաներից չէ»,-նշել է տիկին Մարինան:

 

Հավելենք, որ Հակոբ Ջեյք Կապլանյանը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ջրագնդակի թիմի անդամ է, լավագույն հարձակվողներից: Նա, մինչև համալսարան  ընդունվելը, փայլուն հանդես է եկել Հերբերթ Հուվերի անվան ավագ դպրոցի ջրագնդակի թիմի կազմում:

 

Կապլանյանը դատարանի առջև կկանգնի ապրիլի 25-ին: