Նախկին պոռնոաստղը մտադիր է վերադառնալ իտալական քաղաքականություն
Անցյալում պոռնոաստղ եղած Իլոնա Ստալլերը, ով ավելի հայտնի է Չիչչոլինա բեմական անվամբ, վերադառնում է իտալական քաղաքականություն և մայիսի վերջին մասնակցելու է Հռոմի քաղաքային ընտրություններին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Մայրաքաղաքային Messaggero թերթի տվյալներով՝ 61-ամյա Ստալլերը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Իտալիայի լիբերալ կուսակցության կողմից և այդ մասին պաշտոնապես կհայտարարվի ապրիլի 11-ին։
Ավելի վաղ նա հաղորդել էր, որ կիսում է կուսակցության ծրագիրը, հատկապես քաղաքացու իրավունքների և ազատությունների մասերով։
Քաղաքային խորհրդի կազմում ընդգրկվելուց հետո նա մտադիր է մասնավորապես ճանաչել միասեռ ամուսնությունները, օրինականացնել մարմնավաճառությունն ու «թեթև» թմրանյութերը, ինչպես նաև պայքարել դատապարտյալների արժանապատվության պահպանման համար։
Սա Իտալիայի քաղաքական կյանքին մասնակցելու առաջին փորձը չէ։ 1987թ.-ին պոռնոֆիլմերի աստղը դարձել էր խորհրդարանի անդամ։ Մինչև 1992թ.-ը տևած քաղաքական կարիերայի ընթացքում նա հաճախ աչքի է ընկել ոչ պատշաճ հագուստով, ինչն իտալացի օրենսդիրներին խանգարել էր աշխատել։










