Ղըրղզական անկլավի բնակիչները գերի են վերցրել իրենց հումանիտար օգնություն բերած վարորդներին

21:27 • 10.04.13

Ուզբեկստանի տարածքում գտնվող ղըրղզական Բարաք անկլավի բնակիչներն ապրիլի 10-ին գերի են վերցրել մի քանի վարորդների, որոնք նրանց համար հումանիտար օգնություն էին բերում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Интерфакс-ին, ով այս տեղեկությունները ստացել է Ղըրղզստանի իրավապահ մարմիններից:


КирТАГ-ը հայտնում է, որ դրանից որոշ ժամանակ առաջ 4 բեռնատար մեքենաներ Ղըրղզստանից հումանիտար օգնություն էին բերել անկլավին: Բեռն ուղեկցում էին ղըրղզական կառավարության անդամները, տեղական ադմինիստրացիան և ԱԻՆ-ը: Այն բանից հետո, երբ հումանիտար օգնությունը բաժանվել է մարդկանց, տեղի բնակիչները հրաժարվել են ազատ արձակել ղըրղզ պաշտոնյաներին:


Ավելի ուշ Интерфакс-ը հաղորդել է, որ իշխանությունների ներկայացուցիչներին հաջողվել է փախչել, սակայն գերության մեջ են մնացել վարորդները: Հայտնի է, որ գյուղացիները արգելափակել են նաև մեքենաները, որով հումանիտար օգնություն էր բերվել:


Անկլավի բնակիչները պահանջում են բացել «Աք-Թաշ» սահմանային կետը, ինչպես նաև հողային տարածքներ տրամադրել Ղըրղզստանի հարավում: Ղըրղզական իշխանությունների արձագանքը դեռևս հայտնի չէ: