Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ուկրաինայի փոխարտգործնախարարին

14:06 • 10.04.13


ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անդրեյ Օլեֆիրովն ընդգծել է, որ Երևանում է գտնվում պատվաբեր առաքելությամբ՝ Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ մասնակցելու ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին երկու երկրների միջև համագործակցության տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացի կապակցությամբ և նշել, որ կան բոլոր հնարավորությունները փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար:
 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերին:
 

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
 

ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության օրակարգի հարցերի քննարկման ենթատեքստում նա կարևորել է հունիսին Ուկրաինայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի այցելությունը Հայաստան։