ՀՀ-ում ամբոխի են վերածվել գործող իշխանությունները, իսկ երեկ ես Բաղրամյան պողոտայում ամբոխ չեմ տեսել. Փաշինյան

16:19 • 10.04.13

Երեկ առավոտից մինչև կեսգիշերն անց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած իրադարձությունների վայրում, ընտանյոք հանդերձ եղած Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ ո՛չ Ազատության հրապարակում, ո՛չ Բաղրամյան պողոտայում ամբոխ չի տեսել, այլ տեսել է ՀՀ քաղաքացիների, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար: Նա չի կիսում գնահատականները, որ լիդերների բացակայության պայմաններում ժողովուրդը վերածվել էր ամբոխի, ինչի մասին դժգոհում էր երիտասարդ մի ուսանող Ծիծեռնակաբերդից Բաղրամյան վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանին:


«Ցավոք սրտի, ՀՀ-ում ամբոխի են վերածվել գործող իշխանությունները և նրանք անկառավարելի են, որովհետև չեն կառավարվում ՀՀ օրենքներով և Սահմանադրությամբ: Եվ ուրեմն՝ ժողովուրդը պետք է միջոցներ ձեռնարկի էդ անկառավարելի զանգվածին կառավարելի դարձնելու համար՝ այդ թվում Քրեական օրենսգրքի շրջանակներում»,- ասաց նա:


Tert.am-ի հարցին, թե իր համար տարօրինակ չէ՞ր Վլադիմիր Գասպարյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ այցը Ծիծեռնակաբերդ և համատեղ աղոթքը, Փաշինյանն ասաց, որ իր համար տարօրինակ է Վլադիմիր Գասպարյանի ներկայությունը ՀՀ կառավարման համակարգում: Tert.am-ի խնդրանքին՝ այդուհանդերձ ուղղակիորեն պատասխանել հարցադրմանը, Փաշինյանն ասաց. «Այդուհանդերձ, ես Ձեր այդ հարցին պատասխանեցի»։


Ինչ վերաբերում է Տիգրան Խզմալյանի գնահատականին, որ «երեկ մեր բոլորի աչքի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ինքնասպանություն գործեց», ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կփորձի զերծ մնալ մահախոսականների ու դատավճիռների ժանրում հանդես գալուց:


Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանի ու իր թիմի բացակայության պայմաններում Անդրիաս Ղուկասյանը վերցրեց պատասխանատվությունը, բայց ոչ օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, նա կրկնեց, որ երեկվա իրադարձությունների թատերաբեմում որևէ անկառավարելի իրավիճակ չկար, հետևաբար իր կողմից որևէ անպատասխանատվության դրսևորում չի եղել:


Իսկ թե ինչու ժողովուրդը բաժանվեց երկու մասի, մի մասը Րաֆֆի Հովհաննիսյանի ու ոստիկանապետի հետ գնաց Ծիծեռնակաբերդ, իսկ մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում, չի կարող պատասխանել, որովհետև ՀՀ հավաքների ազատության մասին օրենքի համապատասխան՝ հավաքի վերաբերյալ բոլոր հարցերը որոշում է հավաքի կազմակերպիչը:
«Ես որևէ մեկնաբանություն չեմ անում, երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը կեսգիշերն անց Ազատության հրապարակում ընդունեց, որ եղել է կազմակերպչական թերություն, և այդքանով ամեն ինչ ասված է»,- ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորը:


Կգնա՞ Նիկոլ Փաշինյանը հաջորդ հանրահավաքներին: Ի պատասխան այս հարցի նա ասաց, որ առհասարակ, եթե հավաքը նվիրված է Հայաստանում ապօրինի իշխանությունը տապալելուն և օրինական իշխանություն ձևավորելուն, ապա նման հանրահավաքների սովորաբար գնում է: Նա նշեց, որ ապրիլի 5-ի իր ելույթում հստակ բացատրել է Ազատության հրապարակում իր ներկայության իմաստը, իր ներկայությամբ արձանագրել, որ իր՝ Նիկոլ Փաշինյանի համար Սերժ Սարգսյան անունով նախագահ չի եղել, չկա և չի լինելու: Եվ ապրիլի 5-ի իր ելույթում դրված խնդիրների տրամաբանությանը հետևելով՝ նա այսօր փաստում է, որ ապրիլի 9-ին այդ խնդիրը լուծվել է որպես մինիմում:


Իսկ կգնա՞ ուրբաթ օրվա հանրահավաքին: Այս հարցին էլ ի պատասխան Փաշինյանն ասաց. «Խոսք կա՝ «օրվա հոգսը բավ է օրվա համար»։ Ես էսօր մտածում եմ ԱԺ-ում իմ գործունեության մասին»:


Ինչ վերաբերում է Tert.am-ի հարցին, թե կա տպավորություն, որ սահմանափակվել են Ազատության հրապարակի հարթակից իր ելույթները, և որ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմն իրենից մի փոքր «մրսում է», ասաց. «Ես եղանակային պայմանների հետ կապված մեկնաբանություն անել չեմ կարող, բայց ինչ վերաբերում է ելույթներին, որևէ ելույթ ինքնանպատակ չէր որևէ ելույթ ու ասելիք հստակ ընթացակարգով է ձևավորվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Պե՞տք է արդյոք գործողությունների կոնկրետություն, ինչի մասին ասում է Դաշնակցությունը: Ներողություն խնդրելով՝ Նիկոլ Փաշինյանը կրկին հղում արեց իր ելույթներից մեկին, որում ասել էր, որ ցանկացած գործընթաց պետք է դրա մասնակիցներին՝ ժողովրդին ներկայացվի գործողությունների հստակ ծրագրի տեսքով, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է հասնել խնդրի լուծմանը:


«Ըստ որում, կարծում եմ, որ քաղաքականությունը պետք է մաքսիմալ զերծ լինի կուլիսային խոսակցություններից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ մասին ինչ-որ ասելու էր, ասել է Ազատության հրապարակի հարթակից և դրան ավելացնելու որևէ բան չունի:


Նա, ըստ էության, չպատասխանեց այն հարցին, թե երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից տեսա՞վ գործողությունների ծրագիր՝ նշելով, թե ինչի համար էր ինքը գնացել Ազատության հրապարակ:


Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի Facebook-ի էջից