Ձիու պես առողջ եմ. Թուրքիայում ուսը կոտրած Սաակաշվիլին գոհ է թուրք բժիշկներից
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով Թուրքիա կատարած այցի ընթացքում ընկել էր հեծանիվից ու կոտրել ուսը, այցը չի ընդհատել և շարունակում է հանդիպումները։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, Թուրքիայում վիրահատությունների ենթարկված Սաակաշվիլին երեկ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ և հայտարարել, որ ինքը «ձիու պես առողջ է»։
«Դուք էլ տեսաք, թե որքան լավն է Թուրքիայի առողջապահական համակարգը, ողջ-առողջ ձիու պես հիմա հանդիպման եմ եկել»,-ասել է Սաակաշվիլին։
Ավելի ուշ նա և Գյուլը միասին ընթրել են։
Հիշեցնենք, որ ըստ Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության՝ ընկնելու հետևանքով երեք տեղից կոտրվել է Սաակաշվիլիի ուսը, և նա Ստամբուլում թուրք վիրաբույժների կողմից վիրահատության էր ենթարկվել։
Ավելի վաղ Սաակաշվիլին հանդիպել էր նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նշել, որ նա «վերջին 10 տարվա աշխարհի լավագույն առաջնորդներից է, իսկ Թուրքիան Աթաթուրքից հետո նման առաջնորդ չի ունեցել»։










