Սիրիան Ռուսաստանին և Չինաստանին կխնդրի հետաքննություն անցկացնել քիմիական զենքի կիրառման վերաբերյալ
Սիրիան կարող է դիմել Ռուսաստանին և Չինաստանին ապստամբների կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառումը հետաքննելու խնդրանքով: Այս մասին Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի նախագահի՝ քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը:
«Եթե ՄԱԿ-ը հրաժարվում է հետաքննություն անցկացնել, մենք պատրաստ ենք ավելի հեռուն գնալ և հետաքննության համար հրավիրել չեզոք երկրների, օրինակ՝ Ռուսաստանին և Չինաստանին», նշել է խորհրդականը:
Ավելի վաղ Սիրիան խնդրել էր ՄԱԿ-ին հանձնաժողով ուղարկել Հալեպում ապստամբների կողմից քիմիական զենքի օգտագործումը հետաքննելու համար: Սակայն ՄԱԿ-ի գրասենյակից առաջարկել էին ստեղծել հանձնաժողով, որը կքննի քիմիական զենքի օգտագործումը երկրի ողջ տարածքով նաև կառավարական զորքերի կողմից: Դամասկոսում հրաժարվել էին ընդունել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին այս պայմաններով:
Հիշեցնենք, որ 2012-ի վերջին և 2013-ի սկզբին ապստամբների ներկայացուցիչները մի քանի անգամ մեղադրել են կառավարական զորքերին քիմիական զենք կիրառելու համար: Ավելի ուշ իշխանությունները հանդես եկան զինյալների նկատմամբ նման մեղադրանքով: Այնուամենայնիվ այս երկկողմանի մեղադրանքներից և ոչ մեկը չի հաստատվել անկախ աղբյուրների կողմից:










