ԿԱՀ-ի գահընկեց արված նախագահի պալատում թանկարժեք իրերի փոխարեն կմախքներ են հայտնաբերվել
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության գահընկեց արված նախագահ Ֆրանսուա Բոզիզեի պալատում թանկարժեք իրեր փնտրող հանցագործները գտել են գաղտնարան՝ երկու կմախքով, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով AFP-ին։
Գաղտնարանը գտնվել է ավտոտնակի տակ։ Գողերը հետաքրքրվել են դրանով՝ հույս ունենալով այնտեղ ադամանդներ և ոսկի գտնել, սակայն երբ բարձրացրել են սալիկները, երկու վառ հագուստով կմախք են հայտնաբերել։
Կամավորների հրամանատար գնդապետ Ալի Գարբայի խոսքով՝ նա հայտնաբերել է պալատը թալանված վիճակում։ Նա կարծում է, որ հանցագործներն այնտեղ են եղել նախագահի՝ մարտի 24-ին երկիրը լքելուց անմիջապես հետո։
Նախկին նախագահի հակառակորդները շտապել են հայտնել, որ խոսքը կարող է լինել ծիսական սպանության մասին։ Նման ծեսերը, որոնք կապված են մարդկանց զոհաբերմամբ, Կենտրոնական Աֆրիկայում հազվադեպ չեն. ըստ համոզմունքի՝ ծեսի պատվիրատուն լրացուցիչ ուժ է ստանում և նրա ճակատագիրը փոխվում է դեպի լավը։
Ֆրանսուա Բոզիզեն, ով ղեկավարել է հանրապետությունը 10 տարի, գահընկեց է արվել մարտի 24-ին, պետական հեղաշրջման արդյունքում։ Ինչպես հաղորդվում է, նա փախել է հարևան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, իսկ հետո Կամերուն։ Բենինի իշխանությունները (պետություն Արևմտյան Աֆրիկայում) պատրաստ են նրան քաղաքական ապաստան տրամադրել։










