Իմ մտքում ունեմ ՀԱԿ կուսակցության նախագահի մեկ անուն. Արամ Մանուկյան

12:27 • 11.04.13

Ապրիլի 13-ինԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարի օրակարգում ներառված հիմնական կետերն են՝ կուսակցության ծրագրի ու կանոնադրության հաստատում, կանոնադրական փոփոխություններ, ղեկավարի կազմի ընտրություններ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարում 375 կողմ, 6 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշում ընդունվեց ՀՀՇ-ն վերանվանել Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ):


Ի պատասխան հարցի, թե կուսակցության ղեկավար մարմինների թվում ներառված կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվող անձի անունը հայտնի՞ է, թե պետք է տեղում առաջարկներ լինեն, Արամ Մանուկյանն ասաց, որ տեղում, իսկ հարցին էլ, թե ով կարող է լինել, ավելացրեց. «Եկեք առայժմ չասենք, իմ մտքում, իհարկե, կա»:
Նա չպատասխանեց՝ ասելով՝ «առաջ չընկնենք» նաև այն հարցին, թե կուսակցության ներսի «մտքում» ո՞ւմ անունը կա և արդյոք այն մեկն է, թե մի քանիսը:


Ըստ մինչ այդ շրջանառվող լուրերի՝ կուսակցության նախագահի թեկնածուների անունները երկուսն են՝ Լևոն Տեր-Պետրոսյան և ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան: Թեև վերջինս «168 ժամի» հետ զրույցում ասել էր, թե նման բան բացարձակապես գոյություն չունի և ավելացրել , որ ամեն ինչ անելու է, որպեսզի կուսակցությունը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց դա, ի վերջո, կուսակցության որոշելիք գործն է: «Իրավունք չունեմ կուսակցության փոխարեն ինչ-որ բան որոշել»,- ավելացրել էր նա: Իսկ Հարցին, թե եթե, այնուամենայնիվ, կուսակցության ղեկավարի դերն իրեն վստահվի, կհամաձայնի՞ արդյոք Լ. Զուրաբյանը ստանձնել այն, վերջինս պատասխանել է. «Չեմ կարծում, որ կարող եմ այդ գործն անել ավելի լավ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը>: 
 

Tert.am-ի հետ զրույցում ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խմբի անդամներից մեկը ոչ պաշտոնական զրույցում հավաստիացրեց, որ բոլորի տրամադրված են, որ կուսակցության ղեկավարը լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, «եթե, իհարկե, ինքը ինքնաբացարկ չհայտնի»:


Արամ Մանուկյանը հայտնեց, որ կուսակցությունը չի ունենալու նաև պատվավոր նախագահի պաշտոն, քանի որ կանոնադրությամբ նման բան նախատեսված չէ: Այսինքն՝ բացառվում է այն տարբերակը, որ կուսակցության պատվավոր նախագահը լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ օրինակ՝ Լևոն Զուրաբյանը՝ նախագահը:


Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին: Ի պատասխան հարցի, թե այս իրավիճակում և պայմաններում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարև Երևան» դաշինքը հայտնի իրադարձությունների կիզակետում է, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը » ունեն վարչական ու ֆինանսական ռեսուրսներ, ո՞րն է լինելու ՀԱԿ-ի ներկայանալիությունը, այլ խոսքով՝ այցեքարտը, Արամ Մանուկյանն ասաց. «Մեր ներկայանալի լինելը: Վահագն Խաչատրյանը, ցուցակի առաջին համարը, շատ դրական իմիջ ունի, պրոֆեսիոնալ է, շատ ճանաչված քաղաքական գործիչ է և՛ Հայաստանում և դրսում, զբաղվել է գիտական՝ տնտեսագիտական գործունեությամբ: Զոյա Թադևոսյանը ևս հայտնի է իր գործունեությամբ: Բոլորը ճանաչում են նաև երրորդ համարին՝ Արման Մուսինյանին»:


Արամ Մանուկյանն ավելացրեց, որ «հետո եկողները» ևս իրենց այցեքարտն են, քանի որ շատ ակտիվ երիտասարդներ են՝ 30-35 տարեկանում ունենալով 5 տարվա քաղաքական գործունեության փորձ: «Այսինքն՝ մեր ցուցակը լավագույնն է և միայն դրական իմպուլսներ է առաջացնելու, և վստահ եմ շատ ձայն կհավաքենք, քանի որ գնալու ենք քարոզելու մեր առավելությունները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՀԱԿ-ի պաշտոնական քարոզարշավում տեղական ինքնակառավարման և «քաղաքական էլեմենտը» հավասարաչափ ներառված են լինելու:


Իսկ քաղաքական հիմնական շեշտադրումը լինելու է այն, որ սա շատ լավ միջոց է Երևանը Հանրապետականից ազատելու: