«Գերմանիա՛, դու ոչնչություն ես».ուսանողները տապալել են Գերմանիայի պաշտպանության նախարարի ելույթը
Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի ուսանողները երեկ երեկոյան ընդհատել են Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզերի հետ հանդիպումը, տեղեկացնում է inopressa.ru-ն՝ Tageszeitung պարբերականին հղումով։
Բարձրաստիճան պաշտոնյան, ով ուսանողների համար պատրաստվում էր հանդես գալ «Բանակի միասնությունը. Բունդեսվերի (ԳԴՀ զինված ուժերը) ավանդը սոցիալական համախմբվածության հարցում» զեկույցով, կարողացել է շենքում մնալ ընդամենը 30 րոպե։
Սկզբում դահլիճում հավաքված 300 ուսանողներն աղմկել են, ապա բղավել են ՝«Թոմաս, մենք սիրում ենք քեզ», իսկ ավելի ուշ սկսել են բղավել՝ «Գերմանիա՛, դու ոչնչություն ես», «Այլևս ոչ մի Գերմանիա» և «Այլևս ոչ մի պատերազմ»։ Վերջին օրերին նախարարի ելույթն ընդհատելու մասին կոչեր էին եղել համացանցում։
Ո՛չ դաշնային նախարարի փորձերը՝ հանգստացնել ուսանողներին և զրույց սկսել, ո՛չ համալսարանի ռեկտորի խնդրանքն արձագանք չեն գտել։
Գործիչը լքել է շենքն՝ ասելով. «Ես կարծում եմ, որ սա ուժի նշան չէ»։
Նա հավաստիացրել է, որ ապագայում ևս ելույթ է ունենալու համալսարաններում, և դա անելու է հաճույքով։
Ինչպես հայտնի է, բողոքի ակցիայով են ուղեկցվել նաև նախարարի նախորդ ելույթները, սակայն նախարարին, ի վերջո, միշտ էլ հաջողվել է ելույթ ունենալ։










