Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կարիերան կշարունակվի, իսկ ընտրազանգվածը կկիսվի. քաղաքագետ

12:53 • 11.04.13

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը ճիշտ չի համարում այն, թե ապրիլի 9-ին տեղի է ունեցել երկու ինաուգուրացիա։ «Ինաուգուրացիան մեկն է ,մյուսը չեմ ուզում «շոու» ասել, բայց նա պարտված թեկնածուն է, և նույն բանը կարող էր կազմակերպել մեկ այլ քաղաքացի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։


Անդրադառնալով տարածված այն տեսակետին, թե Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում մեծ խնդիր կունենա ընտրողների վստահության հարցում, քաղաքագետը նշեց, որ նա քաղաքական իր կարիերան ենթադրելի է, որ կշարունակի, իսկ որպես կառույց, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված ընտրազանգվածը կկիսվի, քանի որ քաղաքական դաշտ են վերադարձել մյուս ուժերը՝ պատրաստվելով Երևանի ավագանու ընտրություններին։


«Րաֆֆի Հովհաննիսյանը իրավիճակային առաջնորդ հանդես եկավ։ Իրավիճակը փոփոխության է ենթարկվում, քանի որ ուժերը նորից են գալիս ասպարեզ։ Այն հատվածը, որ տալիս էր ձայները «Ժառանգությանը», նրանք պատրաստ են վերադարձնել այն ուժերին, որի կարծիքը կիսում են»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը և նշեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց լինել ընդդիմության մի մասի առաջնորդ, բայց նա չկարողացավ հանդես գալ միասնական ընդդիմության ղեկավար։


«Նրան այդպես չընդունեց ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը»,- նշեց նա և ընդգծեց, որ կարևոր է, թե ով է այսօր կանգնած Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին։


«Նրա հետ է կուսակցության կորիզը, նրանց կողքին են քաղաքացիական ակտիվիստները, որոնց համար տվյալ պահին ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն է կարևոր, այլ իրավիճակը։ Այսօր Հովհաննիսյանն է՝ նրա կողքին են, վաղն ուրիշը կլինի՝ նրա կողքին կլինեն։ Իսկ ո՞վ նրա կողքին չէ. ուշագրավ է, որ Դաշնակցությունը հայտարարում է, որ այլևս մտադիր չէ կանգնել Հովհաննիսյանի կողքին»,- ասաց նա։


Քաղաքագետը դրական է համարում, որ նախագահական ընտրություններից հետո, ընդդիմադիր դաշտը վերադառնում է նորմալ վիճակի։


«Երբ քաղաքական դաշտ են վերադառնում այն ուժերը, որոնք, կարծես թե, թաքնվել էին նախագահական ընտրություններից առաջ, նրանք պետք է ապացուցեն, որ գոյություն ունեն և ներկայացնում են որոշակի ուժ, և այդ ծավալը պետք է ցույց տան մայիսի 5-ին»,- ասաց նա։