«ՄՄՄ» ֆինանսական բուրգի հիմնադիր Մավրոդին պատրաստվում է առաջադրվել ՌԴ գալիք նախագահական ընտրություններում

18:18 • 11.04.13

«ՄՄՄ» ֆինանսական բուրգի հիմնադիր Սերգեյ Մավրոդին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է , որ պատրաստվում է մասնակցել Ռուսաստանի հաջորդ նախագահական ընտրություններին։

 

«Ես ցանկանում եմ օգնել իմ հայրենիքին, և գիտեմ՝ ինչպես կարող եմ դա անել։ Եվ հետևաբար ընտրություններին մասնակցելն իմ քաղաքացիական պարտքն է»,-նշել է Մավրոդին՝ ընդգծելով, որ իր հետևից գալիս են տասնյակ միլիոնավոր մարդիկ։

 

Սերգեյ Մավրոդիի հիմնած «ՄՄՄ» ֆինանսական բուրգի պատճառով Ռուսաստանում՝ 1990-ական թվականներին, 10-15 մլն մարդ ֆինանսական վնասներ է կրել։ Իսկ 2007թ. նրան դատապարտել են 4,5 տարվա ազատազրկման ՝ խարդախության համար։

 

ՌԴ նախագահական հաջորդ ընտրությունները կկայանան 2018թ., սակայն նախագահ դառնալու իրենց ցանկության մասին արդեն հայտնել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ու ազգայնական Դմիտրի Դեմուշկինը։