Պուտինը հումորով է վերաբերվել իր անունը Ֆինլանդիայի ոստիկանության «սև ցուցակում» ներառելուն

12:18 • 11.04.13

Ֆինլանդիայի իշխանությունները սխալմամբ ներառել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը երկրի ոստիկանության՝  հանցագործների «սև ցուցակում», ինչին Պուտինը հումորով է վերաբերվել։

 

Ինչպես նշում է Russia Today-ը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս կապակցությամբ նշել է, որ նախագահ Պուտինը հումորով է վերաբերվել ֆիննական իշխանությունների թույլ տված սխալին։
«Որքանով մենք գիտենք՝ ֆիննական կողմն ինքն է ժամանակին հայտնաբերել այս սխալը, և չեմ կարծում, որ որևէ լրացուցիչ գործողությունների կարիք կա»,-նշել է Պեսկովը։

 

Ինչպես նշում է Associated Press-ը, Ռուսաստանի նախագահը ներառվել է «սև ցուցակում» 2 շաբաթ առաջ՝ «Գիշերային գայլեր» բայքերական ակումբի անդամների հետ ունեցած կապի պատճառով։ Թեև Պուտինը չի մեղադրվել Ֆինլանդիայի տարածքում որևէ հանցագործության իրականացման համար, այնուհանդերձ ցուցակում երկար մնալու դեպքում նրան կարող էին ձերբակալել ռուս-ֆիննական սահմանի վրա։

 

Այժմ Ֆինլանդիայի գլխավոր դատախազությունը կարող է դատական գործ հարուցել իրավապահների դեմ, որոնց մեղքով տեղի է ունեցել այս սխալը։