Արտաքին աշխարհը չի կարող հաշվի չնստել Հայաստանում առկա երկիշխանության հետ. Ստյոպա Սաֆարյան

14:35 • 11.04.13

Երևանում ապրիլի 9–ին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում կա երկփեղկված իրականություն, ինքնահռչակ և օրինական ձևավորված իշխանություն, ինչի հետ արտաքին աշխարհը չի կարող հաշվի չնստել, Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր Մոսկվա կատարած այցին։


Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի ու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունները ցույց տվեցին, թե ում հենարանն ով է։


«Աշխարհի բոլոր պետությունները, անգամ այն պետությունները, որոնք պաշտոնական ներկայացուցիչներ էին ուղարկել ինքնահռչակ իշխանության երդմնակալությանը մասնակցելու համար, ականատես եղան, որ կա երկու Հայաստան: Մի Հայաստանում ինքնահռչակ ձևով և ոստիկանական ուղեկցությամբ թագադրվեց իշխանության նախկին թեկնածուն, իսկ  մյուս Հայաստանում քաղաքացիներն ընտրված նախագահի հետ  միասին իշխանավարելու վերաբերյալ ուխտ կապեցին»,- ասաց նա:
 

Ստյոպա Սաֆարյանն ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի արտերկրյա այցերն (նաև այսօրվա այցը Մոսկվա) ուղղակի ապացույցն են նրա, որ արտաքին աշխարհը չի կարող հաշվի չնստել Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ, երբ կա երկու իշխանություն՝ ինքնահռչակ և օրինական ձևավորված:

 

«Եվ հետևաբար, դրանում որևէ տարօրինակ բան չկա, բացատրությունը շատ պարզ է, և Հայաստանում առկա է նոր իրողություն, որի մասին խոսում էինք մինչև ապրիլի 9-ը: Այն, որ ռեժիմը նախընտրեց գնալ մի ճանապարհով, ժողովուրդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ»։


Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ դեռ ավելին՝ արտաքին միջավայրը հաշվի է նստելու այդ երկատված իրավիճակի հետ և ավելացրեց.«Մի իրավիճակ, որից ամեն կերպ խուսափում էր Րաֆֆի Հովհաննիսյանը և արեց ամեն ինչ՝ դա թույլ չտալու համար, և իշխանությունն էր, որ իր կարծր գծով ու անզիջում էությամբ ուղղակի չարեց ոչինչ՝ իրեն ուղղված ձեռքը բռնելու և Հայաստանի ապագան միասնական դարձնելու համար: Հետևաբար, Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը ընդունել է իրեն ուղղված հրավերը»,– ասաց «Ժառանգության» քաղաքական քարտուղարը:
 

Ստյոպա Սաֆարյանը նաև նշեց, թե չի կարող ասել՝ արդյոք այդ հրավերը ՌԴ նախագահի նստավայրի՞ց է, թե այլ քաղաքական շրջանակներից:
 

Հիշեցնենք, սակայն, որ ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Մոսկվա կատարելիք այցը պետք է լիներ երեկ՝ ապրիլի 10-ի առավոտյան և պետք է լիներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու օրակարգով:


Սակայն ի պատասխան հարցի, թե հրավերը մե՞կ օրով է, թե ավել, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ամսի 12-ին հանրահավաք է հրավիրում, ապա դա նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անելու է ամեն ինչ՝ այդ հանրահավաքին ներկա լինելու համար»:
 

Նշենք, որ օդանավակայանից արված լուսանկարներում երևում է ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ նրա կին՝ Արմենուհին։
 

Ի պատասխան հարցին, թե արդյոք մեկնում է ողջ ընտանիքը, թե՞միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ չի կարող ասել, քանի որ այդ հարցերով չի զբաղվում և հիշեցրեց, որ այդ մասին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց անգամ երդմնակալության օրը՝ հանրահավաքին: