Ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով՝ Արթուր Բաղդասարյանի ղեկավարությամբ

13:02 • 12.04.13

Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանը այսօր լրագրողներին ներկայացնելով ԱԱԽ–ի և ՄԻՊ–ի նոր համագործակցության մասին՝ հայտնեցին, որ Հայաստանում ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը հետամուտ կլինի ոլորտում կուտակված խնդիրների լուծմանը։ Հանձնաժողովը կղեկավարի Արթուր Բաղդասարյանը։


«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը էական բարեփոխումների խնդիր ունի, որոնք մենք անպայմանորեն լուծելու ենք։ Ուսումնասիրվելու են սխալները, թերությունները, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ոլորտում էական բարելավվում ունենանք»,– հայտարարեց Արթուր Բաղդասարյանը։


Նրա խոսքով Մարդու իրավունքներն այսօր խախտվում են սոցիալական, իրավական և այլ ոլորտներում, և Անվտանգության խորհուրդը սերտորեն կհամագործակցի պաշտպանի գրասենյակի հետ։ «Ամենակարևորը արդյունքներն են լինելու, որոնք ես կարծում եմ՝ շատ ավելի լավ են լինելու, իսկ խնդիրները լուծելու ենք համառ, հետևողական աշխատանքի շնորհիվ»,–ասաց նա։


Անդրադառնալով ՄԻՊ–ի գործունեությանը՝ Արթուր Բաղդասարյանը դրական գնահատեց այն, իսկ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարության մասին նշեց, որ նրան այս գործին նշանակելը բերեց դրական փոփոխությունների։


Կարեն Անդրեասյանը խոսելով համագործակցության մասին՝ ասաց, որ առաջին անգամ է, որ Բաղդասարյանը պաշտպանի գրասենյակում է, ում այցով իրենք մի նոր փուլ են թևակոխում։ «Ազգային անվտանգության հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով մեր ժողովրդին 2013թ.-ին կտրվի ավելի շատ հաց և արդարություն»,- ասաց նա։