Արա Աբրահամյանը հյուրընկալվել է ՀՀ սփյուռքի նախարարությունում
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալել է «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանին, ով Հայաստանում էր գտնվում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Հանդիպմանը ներկա են եղել «Ռուսաստանի հայերի միության» առաջին փոխնախագահ Գեորգի Տեր Ղազարյանցը, «Համաշխարհային հայկական կոնգրեսի» և «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահներ Վլադիմիր Աղայանը և Արամ Սարգսյանը:
Ամփոփելով ՀՀ սփյուռքի նախարարության, «Համաշխարհային հայկական կոնգրեսի» և «Ռուսաստանի հայերի միության» հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքները՝ Արա Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ առավել արդյունավետ և շոշափելի են դարձել սփյուռքին հետ տարվող աշխատանքները: Քննարկվել են համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013թ մրցանակաբաշխության կազմակերպչական հարցեր:
Հ. Հակոբյանը հյուրերին ներկայացրել է Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքները: Քննարկվել են Հայաստանում գտնվող սիրիահայերի բնակարանաշինության խնդիրները:










