Ռուսաստանում վթարի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացիներից 2-ի դիերը տեղափոխվել են Երևան
Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում ապրիլի 8-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացիներ Սասունիկ Սարգսյանի և Զուրաբ Ավագյանի դիերն այսօր առավոտյան Մոսկվայից տեղափոխվել են Երևան, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ապրիլի 8-ին, ժամը 18.57-ին Գյումրի-Մոսկվա թիվ НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Մոսկվա, սակայն ճանապարհին` Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում, տեղի էր ունեցել վթար. բախվել են «Միցուբիշի» մակնիշի, «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պ/հ և «Վոլվո» մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։
Պատահարի հետևանքով զոհվել էր 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացի` «ԳԱԶել» մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել էր Պետուշկի քաղաքի բժշկական կենտրոն։
Դժբախտ պատահարի հետևանքով տեղում մահացել էր նաև ՀՀ քաղաքացիներ` Արթիկի բնակիչ` 1980 թ. ծնված Վարդան Վարդանյանը։ Պարզվել էր, որ զոհվածների թվում կան ևս 2 ՀՀ քաղաքացիներ` 1988 թ. ծնված Արթուր և 1987 թ. ծնված Արտեմ Խաչատրյանները:
Ըստ նախատեսված չվերթի՝ Վարդան Վարդանյանի, Արթուր և Արտեմ Խաչատրյանների դիերը Երևան կտեղափոխվեն ապրիլի 12-ի օրվա ընթացքում:
Պատահարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի՝ 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:










