Արթուր Իսպիրյանը լավ իմաստով երևանյան հիվանդ է և հասցրել է Երևանի խնդիրների մասին 3 հատորանոց գիրք գրել

14:51 • 12.04.13

Երևանի ավագանու ընտրությունների «Բարև, Երևան» դաշինքի համամասնական ցուցակի 8-րդ համարը՝ երգիչ Արթուր Իսպիրյանը, ավագանու անդամ դառնալուց հետո առաջին հերթին Երևանի սանիտարական խնդիրների հարցը կբարձրացնի: Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը և հավելեց, որ ինքը լավ իմաստով երևանյան հիվանդ է և հասցրել է Երևանի խնդիրների մասին 3 հատորանոց գիրք գրել:

 

«Առաջին հարցերից է աղբահանությունը, տրանսպորտը, փողոցների մաքրությունը: Արդեն 20 տարի է ոչ մի քաղաքապետ չի կարողանում այս խնդիրներին լուծում տալ, իսկ դրանք ավելի են խորանում ու կարծրանում»,- ասաց նա:


Արթուր Իսպիրյանին վրդովմունք է պատճառում այն, որ Երևանում առկա խնդիրներից որևէ մեկը լուծելու փոխարեն, տոնակատարությունների ժամանակ հրավառության ու արտերկրից հրավիրված երգիչների համար են մեծ գումարներ ծախսվում:


«Ես ուզում, որ մեր երկրում աղբը հավաքողները հպարտ լինեն, որ նրանք ստանան այնքան գումար, որ կարողանան ընտանիք պահել: Նա, որ գործից դուրս է գալիս, պետք է իր վրայից հոտ չգա, իսկ դա նշանակում է, որ պետք է լինեն հատուկ պայմաններ: Ինձ դուրս չի գալիս, որ առավոտյան ժամը 5-ին տեսնում եմ 70 տարեկան տատիկների, ովքեր փողոց են մաքրում: Ուրիշ մեթոդներ պետք է լինեն»,- ասաց նա:
 

 

«Շատ ուրախացա, որ հայտնվել եմ «Բարև, Երևան» դաշինքի ցուցակում և կուզենամ ինչ-որ բանով օգտակար լինել իմ մայրաքաղաքին: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա տիկնոջը առաջին օրը չէ, որ ճանաչում եմ: Մոտ 10 տարի է բարեկամներ ենք, միշտ գնահատել եմ իրենց ազնվությունը և այն բարի գործերը, որ կատարում են մեր երկրում»,- ասաց նա: