Եթե ԵՄ-ն զինի սիրիական ընդդիմությանը, Ավստրիան դուրս կբերի խաղաղապահներին
Ավստրիան կարող է հետ կանչել իր խաղաղապահներին Սիրիայից, եթե Եվրոպական Միությունը հանի զենքի մատակարարման էմբարգոն։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Միխայել Շպինդելեգգերը։
«Եթե սիրիական ընդդիմությունը կարողանա ավելի շատ զենք ստանալ Եվրոպայից, ապա դա կնշանակի, որ մենք նրանց հետ իրոք մի կողմում ենք, և դժվար կլինի պահպանել ներկայությունը։ Դա կլինի այն պահը, երբ մենք ստիպված կլինենք մտածել խաղաղապահներին դուրս բերելու մասին»,-ասել է նախարարը՝ Իսրայել կատարած այցի ընթացքում։
Նա մտահոգություն է հայտնել եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքորոշման վերաբերյալ, որոնք դեմ են արտահայտվել զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգմանը։
«Եթե մենք չկարողանանք միաձայն որոշում կայացնել էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ, ապա երկրները սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու իրավունք կստանան։ Նրանցից ոմանք, այդ թվում՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, արդեն հայտարարել են, որ ցանկանում են այդ կերպ վարվել»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ Ավստրիան դեմ է հակամարտող կողմերին զենք մատակարարելուն։










