Դամասկոսը մերժել է Բան Կի Մունի առաջարկը՝ քիմիական զենքի կիրառումն ուսումնասիրող հանձնաժողովի հարցով

11:30 • 12.04.13

Դամասկոսը մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի առաջարկը՝ Սիրիայում քիմիական զենքի ուսումնասիրման հանձնաժողովի ձևաչափի հետ կապված։

 

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հեղինակավոր կազմակերպության ղեկավարը հայտարարել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

 

«Մտահոգիչ է, որ Սիրիայի կառավարությունը մերժել է իմ առաջարկը՝ մասնակցելու հետաքննությանը։ Այն գտնվում էր իմ լիազորությունների շրջանակներում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան»,-ասել է Բան Կի Մունը։

 

Նա դարձյալ հիշեցրել է, որ փորձագետների խումբն այժմ գտնվում է Կիպրոսում և պատրաստ է Դամասկոսի թույլտվությունն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում սկսել աշխատանքները։ «Ես անկեղծորեն հուսով եմ, որ սիրիական կառավարությունը փորձագետների թիմին թույլ կտա հետաքննություն իրականացնել»,-հայտարարել է նա։

 

Ենթադրյալ քիմիական հարձակումն ուսումնասիրելու որոշումը ՄԱԿ-ի կողմից ընդունվել էր ի պատասխան Սիրիայի պաշտոնական դիմումի։ Դրանից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հասել էին այն բանին, որ փորձագետների խումբն ուսումնասիրելու է ոչ միայն Հալեպի մոտակայքում տեղի ունեցած միջադեպը, այլև Հոմսում՝ 2012թ.-ին գրանցված զանգվածային թունավորումն ու այս տարվա մարտին Դամասկոսում տեղի ունեցած միջադեպը։