Գլենդեյլում հրապարակվել են տեղական ընտրությունների վերջնական արդյունքները. 8 հայ թեկնածուներից 6-ը համոզիչ հաղթանակ են տարել
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդեյլ քաղաքում հրապարակվել են ապրիլի 2-ին կայացած տեղական ընտրությունների վերջնական արդյունքները:
Հիշեցնենք, որ համաքաղաքային ընտրությունների արդյունքում գլենդեյլցիներն ընտրել էին Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամների, քաղաքի գանձապահի (City Treasurer), Գլենդեյլի քարտուղար-գործակատարի (City Clerk) և Գլենդեյլի դպրոցական/-մանկավարժական խորհրդի (Unified School Board) անդամների:
Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականից, ընտրություններին մասնակացած 8 հայ թեկնածուներից 6-ը համոզիչ հաղթանակ են տարել:
Եվ այսպես, Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամի 3 տեղի համար պայքարում էր 12 թեկնածու. վերջնական տվյալներով՝ հաղթող են ճանաչվել Արա Նաջարյանը (10,165 ձայն, վերընտրվել է), Լաուրա Ֆրիդմանը (8,088 վերըտրվել է) և Զարեհ Սինանյանը (7,379 ձայն, առաջին անգամ էր մասնակցում):
Գլենդեյլ քաղաքի քարտուղար-գործակատարի պաշտոնում վերընտրվել է Արտաշես Քասախյանը (12,319 ձայնով):
Քաղաքի գանձապահի (City Treasurer) պաշտոնի համար միակ թեկնածուն Րաֆֆի Մանուկյանն էր, որը 14,560 ձայն է հավաքել և համոզիչ հաղթանակ տարել: Գանձապահի ընտրությունների հետ միաժամանակ հանրաքվե էր անցկացվել (նույն քվեաթերթիկում) Measure A կոչվող օրենսդրական փոփոխության վերաբերյալ, որը նախատեսում էր գանձապահի պաշտոնը ընտրովիից դարձնել նշանակովի: Ինքը՝ Րաֆֆի Մանուկյանը, դեմ էր հանդես գալիս այդ նախաձեռնությանը. փոփոխությունը 13,812 դեմ քվեով մերժվել է:
Հայերը տեղեր կունենան նաև Գլենդեյլի դպրոցական/մանկավարժական խորհրդի կազմում. երեք տեղի համար պայքարում հաղթել են Գրեգ Գրիգորյանը (12,850 ձայն), Արմինա Ղարապետյանը (9,195 ձայն) և Քրիստին Վոլթերսը (9,504 ձայն):
Ապրիլի 2-ին կայացած ընտրություններին մասնակցությունը կազմել է 21.6% ( 24,091 ընտրող):
Հավելենք, որ Գլենդեյլ քաղաքն ունի մոտ 192 հազ. բնակչություն, որի մոտ 50 տոկոսը հայեր են:










