ԱՄՆ-ի 22 քաղաքներում ցույցեր են անցկացվել՝ ի աջակցություն Գուանտանամոյի բանտարկյալների

19:45 • 12.04.13

Ավելի քան երկու ամիս Գուանտանամոյի բանտարկյալները հացադուլ են անում՝ ցանկանալով այս կերպ բողոք արտահայտել իրենց իրավունքների խախտման դեմ, տեղեկացնում է Russian Today-ը:


Ինչպես հայտնում են հենց իրենք՝ բանտարկյալները, բողոքի ակցիայի հիմնական նպատակը հանրության և ԶԼՄ-ների ուշադրությունը դեպի իրենց խնդիրները գրավելն է: Եվ դա նրանց հաջողվել է. տեղի են ունեցել ցույցեր ԱՄՆ-ի ողջ տարածքով՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում և ամերիկյան 22 այլ քաղաքներում:


Ցուցարարները նարնջագույն հագուստով են եղել, ինչպիսին բանտարկյալների հագուստն է, ինչպես նաև սև գլխանոցներ են կրել, որոնք հայտնի են ԱՄՆ զինծառայողների կողմից Մերձավոր Արևելքի զինբանտարկյալների հանդեպ դաժան վերաբերմունքը պատկերող տեսահոլովակներից:


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 25 համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունների կողմից ստորագրված նամակ է ստացել, որում կոչ է արվում փակել ճամբարը: Նամակում ասվում է. «Մենք կոչ ենք անում սկսել բանտարկյալների փոխանցումը իրենց հայրենիք կամ էլ դատել նրանց իրավական ստանդարտների համաձայն»:


Այս հարցով ելույթ է ունեցել նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Փիթեր Մաուրերը, ով հաջորդ օրը կայացած ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո նշել է. «Այնպիսի տպավորություն է, ամերիկյան կառավարությունը չի հետևում իր իսկ տված խոստումներին»:


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր լուծել Գուանտանամոյի բոլոր խնդիրները դեռ 2008-ին իր նախըտրական քարոզարշավի ժամանակ, սակայն նա դեռ ոչինչ չի ձեռնարկել: