ԼՂՀ–ում մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ են անցկացվել (լուսանկարներ)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ ապրիլի 8-12-ը ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, անցկացվեց մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական ցուցադրական զորավարժություն։
Ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ զորավարժության ավարտական փուլին հետևել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և բարձրաստիճան զինվորականներ:
Հանրապետության զորահավաքային ռեսուրսի համալրմամբ անցկացված զորավարժությանը ներգրավված են տարբեր զորատեսակների ուժեր և միջոցներ:
Ինչպես զորամասի «Բարձր» աստիճանի մարտական պատրաստականության բերման փուլում, այնպես էլ 150 կմ-ոց զորաշարժի, պաշտպանական բնագծերի գրավման, պաշտպանությունից հակահարձակման անցնելու ընթացքում իրականացված գործողություններում անձնակազմը դրսևորել է մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն և իր առջև դրված ուսումնամարտական խնդիրները կատարել հավուր պատշաճին:
Բանակի տարվա պատրաստության պլանով նախատեսված համաբանակային նշանակության միջոցառումն ավարտվել է պարգևատրման արարողությամբ:










