Վրաստանի ԱԳ նախարարն այցելում է Հայաստան, նա կլինի նաև Ծիծեռնակաբերդում
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն այսօր պաշտոնական այցով կայցելի Հայաստան, հայտնում է newsgeorgia.ru-ն՝ վկայակոչելով Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։
Սա Փանջիկիձեի առաջին այցը կլինի նախարարի պաշտոնում։ Այցի ընթացքում Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ։
«Հանդիպումների ընթացքում ուշադրություն կդարձվի Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցության արդիական հարցերին և տարբեր ուղղություններով հարաբերությունների զարգացման հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն էլ Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կայցելի Ծիծեռնակաբերդ։










