Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է ոչ թե այլընտրանքային կամ զուգահեռ, այլ ժողովրդի իշխանություն (տեսանյութեր, տարբերակ 9)
18.10
Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հերթական հանրահավաքը:
Նրա վերջին հանդիպումը ժողովրդի հետ տեղի էր ունեցել ապրիլի 9-ին, որի ժամանակ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր այսօրվա հավաքի մասին:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ այսօր նա հանդես կգա ծրագրային ելույթով:
Ապրիլի 9-ին չնախատեսված վայրով՝ Բաղրամյան պողոտայով երթ անցկացնելու պատճառով ոստիկանների և ժողովրդի միջև բախում էր տեղի ունեցել, որի ընթացքում ոստիկանների կողմից ծեծի էր ենթարկվել կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ մեկնել էր Մոսկվա, ինչի մասին «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հովհաննիսյանը Մոսկվա էր մեկնել հրավերով և այցը մեկօրյա է։
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր արդեն վերադարձել է Երևան և լրագրողներին ասել, թե Մոսկվա իրեն հրավիրել էին Հայաստանի ժողովրդի մեծամասնության կարծիքը լսելու։
Ազատության հրապարակը, տեղատարափ անձրևի պայմաններում, ինչպես և ակնկալվում էր, այնքան էլ բազմամարդ չէ, և շատերն էլ հեռանում են հրապարակից ու պատսպարվում փակ տարածքներում:
Քիչ առաջ հանրահավաքի կազմակերպիչներից՝ Արմեն Մարտիրոսյանը հարթակ տեղափոխեց ՀՀ պետական դրոշը:
Հիշեցնենք, որ այսօրվա հանրահավաքը ըստ «Ժառանգության», լինելու է ուղենշային, և այն, փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՌԴ կատարած մեկօրյա այցից ու ապրիլի 9-ին «Նոր Հայաստանի» երդմնակալության արարողությունից հետո առաջինն է, և ակնկալվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կներկայացնի իր առաջիկա ծրագրերը:
18.44
Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է պատժել ոստիկանին, ով հարվածել է Արմեն Մարտիրոսյանին
Փողկապով ու կոստյումով Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակին ողջունեց հետևյալ բառերով.«Բարև Հայաստան, բարև Երևան, հրաշալի եղանակ է»:
Նա հավաքվածներին հիշեցրեց ապրիլի 9-ի «Նոր Հայաստանի» երդումը՝ որ ոչ մի դասալիք, պատեհապաշտ ու կեղծ երդում կատարող, ու «դեպի արյուն տանող սրիկա» չի լինելու:
«Ժողովուրդը որ փետրվար 18-ին ունեցավ իր հաղթանակը, և աշխարհը պիտի ճանաչի՝ մինչև Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել և Երևան: Մենք չենք ճանաչում այդ կեղծ երդումը և կեղծ ընտրությունը, որ կատարեցին: Չե՛նք ճանաչում: Նաև չենք ընդունում նրանց, ովքեր լինելով գործող իշխանության մեջ, թաքուն՝ որպես քաղաքացի ձևանալով, մեր արյան վրայով քաղաքական կարիերա սարքեն: Իրենք գործ չունեն ՀՀ-ում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ես կարող է փետրվար 18-ից մինչև ապրիլի 9-ը լիքը սխալներ արած լինեմ: Բայց մի բան խոստացա ձեզ, որ հաղթանակը տանելու եմ ձեզ հետ միասին, հավասար և ոչ մի արյուն չի լինելու»,- ավելացրեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի քննադատելու և ինքը ընդունում է, բայց ընդգծեց. «Ով ապրիլի 9-ին այստեղ չէր և տաքուկ կուսակցական անկյուններում ժողովրդի տապալման մասին էր խոսում, նրանք, ովքեր օգտվելով իմ մի ժամվա բացակայությունից ուզում էին իրենց քաղաքացի ու քաղաքական ղեկավար, ժողովրդի «ոժդ» համարել, ամոթ նրանց»,– ասաց նա:
«Ժառանգության» նախագահն այնուհետև ասաց, որ նույն շնչով չեն ընդունում կեղծ երդում տվողներին, նույն շնչով չեն ընդունում կեղծ ընդդիմության ղեկավարներին, ովքեր ուզում էին ժողովրդին արյան տանել: «Ես թույլ չեմ տալու թոփել մեր արյունը»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց այն ոստիկանի հրաժարականը, ով իր խոսքով՝ ռիսկ արեց հարձակվել «Բարև, Երևան» դաշինքի առաջին համարի՝ Արմեն Մարտիրոսյանի վրա, ով ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Երևանի հաջորդ քաղաքապետն է:
«Դիմելով իմ լեզվով ասած՝ զորավարին,պահանջում եմ պատիժ այդ կեղտոտ ոստիկանի համար»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
18.57
Կեղծ ընդդիմությունները նույնպես հրաժարական են տալու. Րաֆֆի Հովհաննիսյան
Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական անգամ հայտարարելով, որ ներկայիս իշխանությունը հրաժարական է տալու՝ հայտարարեց, որ հրաժարական է տալու նաև կեղծ ընդդիմությունը, որովհետև հաղթել է հայ ժողովուրդը:
Խոսելով ապրիլի 9-ի մասին՝ նա ասաց. «Ես այդ օրը տուն չգնացի և դուք լավ գիտեք: Եթե մի բան սխալ արեցի, դա նա էր, որ ես գնացի Բաղրամյան երկրորդ անգամ, իսկ ժողովուրդը լավ չհասկացավ, որ մենք պիտի գնանք Բաղրամյանով Ծիծեռնակաբերդ: Եվ այդ ժամանակ արյունոտ էր Արմենը, գետնին նետեցին Արմենուհուն, սա է Հայաստանի ընտրություն գողացած, կուսակցականացված իշխանության պատկերը»:
Վերջինիս խոսքով՝ իրենք երդվեցին, որ չեն հիասթափվի, իրար կպահեն, ուժ կտան: «Եվ այս իշխանությունը փոխվելու է, իսկ ով դասալիք է, ինձ հետ, մեր ժողովրդի հետ թող գործ չունենա, դուք անգամ իշխանություններից վատն եք»,- հայտարարեց նա և ավելացրեց. «Դուք ասացիք, որ սա ոչխարի հոտ չէ։ Սա մեկ ժամվա պայքար չէ, և այս առաջին ամիսները շարունակելու ենք պայքարել, և մեր հաղթանակը նորից տանել Հայաստանի բոլոր քաղաքներ և գյուղեր»:
«Ժառանգության» նախագահը նաև հայտարարեց, որ հայ ժողովուրդը չի ճանաչում և չի ընդունում այն պաշտոնը, այն գրասենյակը, այն կեղծ երդումը, որն արել է իշխանությունը: «Բայց մենք Բաղրամյան 26 գնալու ենք խաղաղությամբ, գնալու ենք սիրով և հավատով և պետք է գոռանք ազատություն, քանի որ վաստակել ենք այդ ազատությունը, և այստեղ կա ժողովրդի հրահանգը: Իսկ ազատությունը կենաց չէ, և մենք պատրաստ ենք ամեն օր ուժ տալով իրար փոխել երկիրը»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ինքն իր վրա վերցրել է այդ պատասխանատվությունը և մինչև իր կյանքի վերջ կտանի այն:
Խոսքն ուղղելով իշխանությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ 20 և ավելի տարիներ ժողովուրդը պայքարել է, և հիմա ժամանակն է, որ տուն-տունիկից դուրս գան և հարգեն ժողովրդի որոշումը:
19.07
Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է ոչ թե այլընտրանքային կամ զուգահեռ, այլ՝ ժողովրդի իշխանություն
Րաֆֆի Հովհաննիսյանը, անցնելով իր հետագա ծրագրերին, հայտարարեց, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է և իրենց պետք չէ ոչ մի այլընտրանքային կամ զուգահեռ իշխանություն։ «Այլ մենք կերտելու ենք Հայաստանի Սահմանադրության 2-րդ հոդվածը՝ ժողովրդի իշխանությունը, և դա անելու ենք վերկուսակցական դրոշով»,- հայտարարեց նա:
Այսպես. հաջորդ ուրբաթ՝ ժամը վեցին, կհավաքվեն «Անի» հյուրանոցի դահլիճում, որտեղ համաձայն Րաֆֆի Հովհաննիսյանի խոստման՝ բոլորը կտեսնեն, որ քաղաքացիները, շարժումները, երիտասարդական ջոկատները, հրամանատարները, կուսակցությունները, ով հարգում է ժողովրդին, լինելու են այդ դահլիճում՝ որպես հավաքական թիմ, միասնական մեխանիզմ, որը բերելու է ամենօրյա, համակարգված պայքարի:
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին, Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է Ազատության հրապարակ, որտեղից միասին կշարժվեն Ծիծեռնակաբերդ՝ հրապարակում «վճռական երկու խոսք» ասելուց հետո: Ապա՝ կվերադառնան Ազատության հրապարակ և այդ վճռականությունը կամփոփեն:
Այս ընթացքում «Բարև, Երևան» դաշինքը կհանդիպի համայնքներում, բայց ներկա դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը կենտրոնանում է համազգային պայքարի վրա, որի ընթացքում, Սահյանի խոսքով՝ բացականեր չեն դրվելու.ներկա են մինչև հաղթանակ:
19.13
Ես ապրիլի 9- ին կորցրեցի իմ սիրելի կոշիկները, բայց շնորհակալ եմ. Արմենուհի Հովհաննիսյան
Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը, կորցրել է իր ամենասիրելի կոշիկները, բայց շնորհակալ է դրա համար, քանի որ ոտաբոբիկ է գնացել Ծիծեռնակաբերդ:
«Ես բոբիկ քայլում էի փողոցներով ու մտածում էի՝ ինչքան խորհրդանշական է, որ ես բոբիկ ոտքերով պետք է բարձրանայի Ծիծեռնակաբերդ: Դրա համար ես ուզում եմ ասել՝ շնորհակալություն: Շնորհակալություն Րաֆֆիին, որ տվեցիք այդ առիթը»,- հայտարարեց Արմենուհի Հովհաննիսյանը, ով երկու օր է՝ տարբեր մարդկանցից հեռախոսազանգեր է լսում, որոնք իրենց հիացմունքն ու ցավն են արտահայտում՝ Արմենուհի Հովհաննիսյանի հանդեպ:
Նա ասաց, որ շնորհակալ է այդ մտահոգության համար և վստահեցրեց, որ եթե այդ օրն իր երեսին ցավ են տեսել, ապա դա չի արտացոլում ժողովրդի ցավը, այլ նաև ցավ է իրեն վահանների մեջ դրած ոստիկանների համար՝ առանց իրենց ցանկության:
«Եվ այնպես էին սեղմում, որ ես կորցրել էի գիտակցությունս և միայն հիշում եմ Կարինի աղմուկը»,- պատմեց նա:
Այստեղ նրան ընդհատեց ամուսինը և պահանջեց ոչ միայն Արմեն Մարտիրոսյանի վրա ձեռք բարձրացրած ոստիկանների հրաժարականը, այլև կնոջը՝ վահանների մեջ սեղմած ոստիկանների:
Արմենուհի Հովհաննիսյանը նշեց, որ այդ երեխաները մեղք չունեին և նրանց աչքերն է՛լ ավելի սարսափած են եղել, քան իր աչքերը:
Ավելին՝ Արմենուհի Հովհաննիսյանը արցունքներ է տեսել մի ոստիկանի աչքերում, ու դրա համար նույնքան ցավ ապրել։
Նա նկատեց, որ կյանքում երկու երդում է ունեցել. առաջինը Ֆրեզնոյում, որտեղ եկեղեցու առաջ խոսք է տվել ամուսնու կողքին լինել՝ թե լավ և թե վատ օրերին: Իսկ երկրորդը եղել է ապրիլի 9-ին՝ Ազատության հրապարակում՝ «Նոր Հայաստանի» երդմնակալության արարողությանը:
19.47
Արմեն Մարտիրոսյանն ու «հրեշտակ» ոստիկանը սեղմված ժողովրդի համար միջանցք են բացել
Հանրահավաքին ելույթ ունեցած «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը պատմեց, որ ապրիլի 9-ին իրենց ոստիկանական շրջափակման մեջ առած ոստիկաններին ասել է, որ ինչ անում ենք՝ ձեզ համար ենք անում։ «Երկու տարի հետո իրար եք բռնելու, երկու տարի հետո երեկոյան տաքսի էլ չեք կարողանալու քշել, ծառայությունից հետո, որ ձեր ընտանիքները պահեք»,- պատմեց նա:
Արմեն Մարտիրոսյանն այդ օրը տեսել է ոստիկանական «հրեշտակներից» մեկին, ով իր հետ միասին փորձել է միջանցք բացել այն մարդկանց համար, ովքեր հրմշտոցից կքած, չեն կարողացել կանգնած մնալ:
«Ցավոք սրտի, այսպիսիք քիչ էին, բայց ոչինչ, կարևորը՝ սերմը կա, կշատացնենք »,- ասաց նա և նկատեց, որ Հայաստանում առաջին անգամ աննախադեպ իրավիճակ ստեղծվեց, երբ առաջնորդը ոչ թե սև պատերի հետևում էր թաքնված (ըստ ամենայնի, նկատի ունի 2008-ի մարտի 1-ին տնային կալանքում գտնված Լևոն Տեր-Պետրոսյանին, ում առանձնատան քարերը արտաքինից սև են - Tert.am), այլ ժողովրդի առջևից էր գնում, իր թիմակիցների հետ: Առաջինը ինքն էր գնում: Այդպիսի առաջնորդը կարող է սխալվել, այդպիսի առաջնորդը կարող է մի պահ ընկնել, բայց այդպիսի առաջնորդը երբեք ընկած չի կարող լինել: Այդպիսի առաջնորդը կանգնած է լինելու և հաղթանակ է տանելու: Սխալը բոլորինս է»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
«Եվ որքան էլ ասում ենք՝ այս շարժումը Րաֆֆիի համար չէ, այնուամենայնիվ, շատ բան շարժման առաջնորդն է անելու»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը, ով գլխավորում է Երևանի ավագանու ընտրություններին «Բարև, Երևան» դաշինքի ներկայացրած ցուցակը։
Նա ուրախ է, որ այս շարժումը առաջնորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ամեն ինչ արեց, որ ոչ մի քաղաքացու քթից մի կաթիլ արյուն չթափվի:
Անդրադառնալով իրեն ծեծելու միջադեպին՝ նա նշեց, որ, ցավոք սրտի, այդ ոստիկանը որքան էլ չար լինի, միևնույն է՝ այն իշխանությունը, որին ծառայում է, իրեն այնքան գումար չի տալիս միս գնելու, որ «մի փոքր ուժ հավաքի, որ չորս անգամ քաղաքացուն խփելուց կարողանա քիթ կոտրել: Այդքան թույլ է այդ ոստիկանը»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը՝ հավելելով, որ այդ օրը իր վրա հարձակված «բորենիների ոհմակի բորենիները այդպես էլ բորենի են մնալու»:
«Որովհետև անիրավ են, իսկ անիրավը երբեք ուժեղ չի լինում»,- ասաց նա, ապա նկատեց, որ այդ օրը գրանցվեց մեկ այլ լավ երևույթ. տեսան, թե ում հետ կարելի է կռվի գնալ: Այս խոսքերից հետո նա ներկայացրեց հանրահավաքի հաջորդ ելույթ ունեցողին՝ «կռիվ գնացողներից մեկը՝ Պետրոս Մակեյան»:
19.57
Հոգեբանորեն ճիշտ էր Բաղրամյան գնալը . Պետրոս Մակեյան
Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով ասաց, որ ապրիլի 9-ին բոլորը և առաջին հերթին՝ իշխանությունները տեսան, որ ժողովրդի 90 տոկոսը պահանջում է վարչախմբի հեռացումը:
«Այդ օրն առավոտյան «Նոր Հայաստանի» երդմնակալությանը իշխող վարչախմբի դեմ անհնազանդություն էր, իսկ իշխանությունն այդ օրը քաղաքի կենտրոնից հեռու էր, վախեցած, դա երևում էր իրենց դեմքերից, եթե նախորդ երդմնակալությունը քաղաքի դատարկված կենտրոնում էր, այս անգամ կենտրոնից հեռու էր»,- հայտարարեց նա՝ անդրադառնալով իր իսկ բարձրացրած երեք հարցադրումներին: Դրանք են՝ ի՞նչ էինք սպասում ապրիլի 9-ից, ի՞նչ ստացանք և ի՞նչ ընկալում ունեցան այդ իրադարձությունները:
Ինչ վերաբերում է այդ օրվա երեկոյան իրադարձություններին՝ Բաղրամյան գնալուն, ապա ըստ նրա, դա ճիշտ, բայցև վտանգավոր քայլ էր, քանի որ «շուրջ տասը տարի՝ Բաղրամյանի վրա տաբու է դրված»: Իսկ ճիշտ էր, որովհետև վարչախումբը մտածում էր, որ կոտրել է ժողովրդին, ընդդիմության աչքը վախեցրել է, ու երբեք ժողովուրդը Բաղրամյան չի գնալու, բայց գնաց:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը «Հիմա» գոռոցներով ընդհատողներին՝ նա նկատեց, որ դա եղել է միշտ, երբ մարդկանց մի շերտ ուզում է հենց այդ պահին հեռացնել վարչախմբին և իրավիճակ փոխել, ինչը նրա խոսքով՝ պրակտիկայում իրականացնելը բարդ է, բայց հնարավոր:
«Ասենք մի 500 հազար մարդ հավաքվի հրապարակում և ամբողջը լցվի: Նման դեպք եղել է 2008 թվականի փետրվարի 26-ին, բայց, ցավոք սրտի, քաղաքական ընդդիմությունը չվերցրեց՝ չկարողացավ կամ չցանկացավ վերցնել իշխանությունը: Այնուամենայնիվ, քաղաքական ուժերս՝ այստեղ կանգնած մեծամասնությունը, հասկանում էր, որ ապրիլի 9-ին մեծ հաշվով, մենք չենք կարող վարչախմբից ազատվել: Մենք գալիս ենք այստեղ պայքարելու, և այն հիմնաքարը դնելու, որ կարողանանք հետագայում շարունակել և հեռացնել վարչախմբին»,- ասաց նա:
Նա նշեց, որ ծրագիրը կարելի է անվանել «մաքսիմում և մինիմում»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:
20.03
Մանվել Գասպարյանը շնորհակալ է այն ոստիկաններից, ովքեր փրկեցին Արմեն Մարտիրոսյանին
Հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ղեկավար Մանվել Գասպարյանը, ով անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու իրողությանը՝ ասաց. «Արմենը իր պապերի կրած տանջանքներն ու ցավերը պատրաստ է տանել մինչև վերջ: Մի բան եմ ափսոսում, որ մեր մեջ կան անդաստիարակ ոստիկաններ, որոնց եթե ոստիկանապետը կարգի չհրավիրի, պետք է մենք կարգի հրավիրենք»:
Մանվել Գասպարյանը նաև նշեց, որ ոստիկանների մեջ կային մարդկային կերպարներ, որոնք Արմեն Մարտիրոսյանին փրկեցին. «Շնորհակալություն այն ոստիկաններին, ովքեր կարողացան Արմենին տանել այդ տեղից, բայց Արմենն իր կամքով գնաց»:
Ապրիլի 9-ին տեղի ունեցածը նա որակեց ճակատամարտ, և ասաց, որ դա ճակատամարտ էր, որը իրենք անցնում են, և իրենք պատրաստ են գնալ մինչև հաղթանակ:
«Փառք ու պատիվ մեր առաջնորդին, որ այդ օրն իր մեջ ուժ գտավ և կայացրեց ամենաճիշտ որոշումը: Այդ օրը ոչ բոլորն էին պատկերացնում թե ինչի է ընդունակ իշխանությունը, իսկ դուք հաղթեցինք այդ օրը»,- խոսքն ուղղեց ժողովրդին:
Մանվել Գասպարյանից հետո կրկին բարձրախոսին մոտեցավ Արմեն Մարտիրոսյանը և ասաց, որ արդեն լավայի պես ժայթքած շարժում է «Բարևի» շարժումը:
20.12
Չունեցանք զոհեր, բայց ունենք «Նոր Հայաստանի» համար հաղթական քաղաքացիներ. Զարուհի Փոստանջյան
Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարեց, որ ապրիլի 9-ին իրենք հռչակել են «Նոր Հայաստանը»:
«Մենք երդվեցինք, որ չենք նահանջելու, չենք վաճառվում, մենք այնպիսի երդում տվեցինք, որն աննախադեպ էր, և երբ մի խումբ մարդիկ տխրության մեջ կեղծ երդում էին տալիս, մենք հաղթեցինք»,- ասաց նա:
Փոստանջյանն ընդգծեց, որ ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը որպես զինվոր էր առաջնորդում իրենց հաղթանակը: «Հենց դա է, որ մենք ունեցանք «Նոր Հայաստանի» երդումը, չունեցանք զոհեր, բայց ունենք «Նոր Հայաստանի» համար հաղթական քաղաքացիներ»,- նշեց նա:










