Վլադիմիր Կարապետյանը Բարաք Օբամայի՝ Հայաստանի օգնության կրճատման մասին առաջարկում երկու տարր է տեսնում

08:32 • 12.04.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկը՝ երկրի 2014թ. բյուջեի նախագծում մոտ 40 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնությունը, կարող է ունենալ երկու տարր, և առաջիկայում պարզ կլինի, թե դրանցից որն է գերիշխողը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ նախկին խոսնակ, «Հայ ազգային կոնգրեսի» արտաքին հարցերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը:


«Առաջինն այն է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից Հայաստանը նկատվել է զարգացման այնպիսի երկրների մակարդակում, որոնցում կարելի է կրճատել հատկացվող օգնությունը: Եվ մենք ականատեսը եղել ենք, որ մի քանի երկրներում, որտեղ ապահովվել է զարգացման աճ, ԱՄՆ-ը օժանդակության այլ մեխանիզմներ է մտածել՝ աստիճանաբար նվազեցնելով պետական միջոցներով եկող օգնությունը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։


Երկրորդ հնարավոր պատճառը, ըստ Վլադիմիր Կարապետյանի, կարող է լինել այն, որ ԱՄՆ-ը ունի որոշակի վերապահումներ վերջին շրջանում Հայաստանում ընթացող զարգացումների վերաբերյալ: «Մասնավորապես, ընտրությունների թափանցիկությունը չի գոհացրել, և որևէ զարմանալի բան չկա, որովհետև նաև Միացյալ Նահանգների համար պարզ է, որ ընտրությունները կեղծված են և իշխանությունները պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում այդ խնդիրը լուծելու համար»:


Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, եթե ԱՄՆ Կոնգրեսը (օրենսդիր մարմին) հաստատի այդ նախագիծը, ապա դա կլինի 1988թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր Հայաստանին տրված ամենաքիչ տնտեսական օգնությունը, այն դեպքում, երբ նախագահ Օբաման, պաշտոնը ստանձնելիս խոստացել էր պահպանել Հայաստանին հատկացվող օգնության չափը, բարելավել երկկողմանի առևտրային հարաբերությունները և ավելացնել ներդրումների ծավալը:
 


Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Օբաման այն ղեկավարների թվում էր, որոնք շնորհավորեցին Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ:


Ի պատասխան այս դիտարկման՝ նախկին դիվանագետն ասաց, որ այս փաստը հաշվի առնելը բացարձակապես պակաս անհավանական չի դարձնում երկրորդ տարբերակը: «Քանի որ ԱՄՆ-ը ունեցել է դիտորդական խմբեր և կիսել են այն քննադատական խոսքերը, որ կային ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ զեկույցներում ու հայտարարություններում, իսկ դրանք ամենևին էլ չեն վկայում, որ մեզ մոտ ընտրությունները լավն են եղել»,- ավելացրեց Վլադիմիր Կարապետյանը:


Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ հետընտրական միջանկյալ զեկույցում նշել էր, որ վերջնական արդյունքների վերլուծությունը վեր է հանում սերտ հարաբերակցություն ընտրողների մասնակցության թվի և գործող նախագահի օգտին տրված ձայների միջև. միջինից բարձր մասնակցություն արձանագրած տեղամասերում Սերժ Սարգսյանը ստացել է ավելի մեծ թվով ձայներ, որոնցից 80 և ավելի տոկոսի դեպքում արդյունքները արժանահավատ չէին համարվել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշել էր նաև, որ Հայաստանի քաղաքացիները խուսափում են բարձրաձայնել ընտրախախտումների, մասնավորապես՝ ընտրակաշառքների, ընտրողներին ահաբեկելու դեպքերի մասին և ավելացրել, որ պատճառը վստահության պակասն է ընտրական հանձնաժողովների, դատական ատյանների հանդեպ, ինչպես նաև վախը՝ հնարավոր հետևանքներից: