Ռուսաստանի ուղղությամբ ավելորդ ջանքերը կարող են զգալի վնաս հասցնել սկսված երկխոսությանը. Աբաշիձե

16:48 • 13.04.13

Ռուսաստանի ուղղությամբ ավելորդ ջանքերը կարող են զգալի վնաս հասցնել ռուս-վրացական բարդ երկխոսությանը։ Ինչպես հայտնում է apsny.ge-ն, այդ մասին ասել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

 

«Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման նպատակով ձեռնարկված առաջին քայլերը որոշ դեպքերում մեզանում ավելորդ հույզեր ու պատրանքներ են առաջացրել։ Լրատվամիջոցներից իմանում եմ մի շարք միջոցառումների մասին, որոնք ծրագրվում կամ էլ անցկացվում են Ռուսաստանում մասնավոր անձանց և անկախ խմբերի կողմից»,- ասել է նա։ 

 

Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ իրենք, իհարկե, չեն կարող արգելել նրանց այցելել Ռուսաստան, այնտեղ գործարար համաժողովներ կամ համերգներ կազմակերպել։ «Սակայն հիպերակտիվությունն ու ավելորդ ջանքերը կարող են զգալի վնաս հասցնել բարդ երկխոսությանը»,- հայտարարել է Աբաշիձեն։

 

Ինչպես նա է նշել, Վրաստանն ու Ռուսաստանը դեռ միայն փորձում են դուրս գալ փակուղուց, այդ իսկ պատճառով պետք է շատ զգույշ լինել, հատկապես՝ զգայուն թեմաների հետ կապված։