Ուկրաինաբնակ ադրբեջանցի գործարար Մահմուդովի սպանությունը պատվիրել են Բաքվից, 3 մլն դոլար պարտքի պատճառով. վկա

17:04 • 13.04.13

Ուկրաինայում գործող «Ադրբեջանցիների կոնգրես» հասարակական կազմակերպության Դոնեցկի մասնաճյուղի նախագահ, գործարար Իգբալ Մահմուդովի սպանության փաստի առնչությամբ նոր մանրամասներ են ի հայտ եկել:

 

Մահմուդովը սպանվել էր 2012թ-ի մայիսին. անհայտ անձինք Ուկրաինայի Մակեևկա գյուղի «Կասպի» սրճարանի մոտ.  գործարարը սրճարան էր ուղևորվում՝ իր իսկ կողմից կազմակերպված բարեգործական ճաշկերույթին (վետերանների համար) մասնակցելու համար: Անհայտ անձինք  մոտոցիկլետով հետապնդել  էին գործարարի ավտոմեքենան,  սրճարանի մոտ վազանցել էին և  ատրճանակից մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ: Մամուդովը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Փաստի առիթով հարուցվել է քրեական  գործը, սպանությունը կատարողները ձերբակալվել են, դատավարությունը շարունակվում է:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az կայքը, երեկ տեղի ունեցած դատական լսումների ժամանակ վկաներից մեկն ասել է, թե Մահմուդովի սպանությունը պատվիրել է Ադրբեջանում հայտնի գործարար Գուլամ Ալեկպերովը:


Ապանության վկա, ադրբեջանցի Մահիեդդին Քերիմովը պատմել է, որ Մահմուդովին հիվանդանոց տեղափոխելիս ներկա է եղել նաև ինքը, և ավտոմեքենայում շատ կարևոր խոսակցություն է լսել. Մահմուդովի ընկերներն ասել են, թե  սպանությունը պատվիրել են Բաքվից՝ Ադրբեջանում հայտնի գործարար Գուլամ Ալեկպերովը (բիզնեսեր ունի շինարարության ոլորտում)՝ 3 մլն ԱՄՆ դոլար պարտքի պատճառով:

 

Կայքը տեղեկացնում  է, որ գործարար Գուլամ Ալեկպերովը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի հետ:

 

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին: