Իրանը նոր հրթիռներ է փորձարկել

14:12 • 13.04.13

Իրանը երեք՝ նոր տիպի հրթիռներ է փորձարկել։ Ինչպես տեղեկացնում է իրանական ՖԱՐՍ գործակալությունը, այդ մասին ասել է Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Կիյումերս Հայդարին։

 

Հայդարին չի բացահայտել նոր հրթիռների բնույթը, միայն նշել է, որ դրանց փորձարկումները տեղի են ունեցել ցամաքային զորքերի զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվել են այս տարվա մարտին։

 

Նրա խոսքով՝ այդ հրթիռները «երկիր-երկիր» տիպի են և տարբերվում են «Նազիաթ 10» և «Ֆաջր» հրթիռներից։


Հայդարին նաև նշել է, որ Զինված ուժերի օրն Իրանում ներկայացվելու են նոր զրահապատ տրանսպորտային միջոցներ՝ անձնակազմի տեղափոխման համար։

 

Զինված ուժերի օրն Իրանում նշվելու է ապրիլի 18-ին և այդ կապակցությամբ Թեհրանում զորահանդես է անցկացվելու։
Զորահանդեսին մասնակցելու են Իրանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները։