Լ. Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին համեմատեց Սուքիասյանի հետ և խոսեց Հովհաննիսյան-Գասպարյան համատեղ աղոթքի մասին

16:07 • 13.04.13

Դաշինքից արդեն իսկ կուսակցության վերածված «Հայ ազգային կոնգրեսի» (ՀԱԿԿ)՝ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած առաջին, այսինքն` հիմնադիր համագումարի ժամանակ ամփոփիչ ելույթով հանդես եկավ նաև 2008թ. ստեղծված նույնանուն դաշինքի առաջնորդ, և արդեն իսկ նորաստեղծ կուսակցության վարչության նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հանդես գալով բավական կտրուկ հայտարարություններով։ Դրանցից առանցքայիններն էին, մասնավորապես, բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին դրույթները, որտեղ նա,մասնավորապես գոհունակություն հայտնեց Գագիկ Ծառուկյանի՝ իշխանություններից արդեն երկու տարի շարունակվող «անկախ քաղաքականություն» վարելու կապակցությամբ, և Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի՝ ընտրված տարբերակի վերաբերյալ քննադատական խոսքերը, մասնավորապես, «Վովա Գասպարյանի հետ աղոթքը»։


«Հայ ազգային կոնգրեսը» Հայաստանի պատմության մեջ ամենաբացառիկ միավորումն էր, որտեղ ընդգրկված էին 18 կուսակցություն և կազմակերպություններ և անկախ այն բանից, թե հետագայում այդ դաշինքի անդամներից ոմանք ինչ վարք ու գործունեություն դրսևորեցին, բացարձակապես չի նսեմացնում նրանց գործը, որոնք արել են անցած հինգ տարիների ընթացքում: Գոնե մինչև 2011 թվականի աշունը»: Ելույթի սկզբում նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ դաշինքը եղել է կուռ, համաձույլ, համախոհների միավորում: «Ոչ ոք այդ ժամանակ ոչ գլուխ է պահել, ոչ «խաղեր տվել», ոչ էլ դաշինքի ներսում հաստատել սեփական կուսակցության շահերը»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:


Նա նաև խորին շնորհակալություն հայտնեց դաշինքի բոլոր անդամներին, որոնք կատարել են այդ գործը: «Հետագայում որոշ մարդկանց ճամփաները բաժանվել են, ոչինչ , ինչպես ասացի՝ դա չի նսեմացնում այն մեծագույն նպաստը, որը բերել են շարժմանը, և եթե այսօր մենք կուսակցություն ենք կայացնում, նրանց մի զգալի մասը, անկուսակցականներ են դաշինքի շնորհիվ »,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:


Անդրադառնալով դաշինքի մաս ՀՀՇ-ին՝ նա նշեց, որ այն վերջին հինգ տարում որպես կուսակցություն գոյություն չի ունեցել՝ ամբողջությամբ իր ուժերը ներդնելով Կոնգրեսի մեջ: Եվ նորաստեղծ կուսակցությունն էլ միայն ֆորմալ իմաստով է նորաստեղծ, ուրիշ ոչինչ: «Այսինքն՝ ՀՀՇ-ն նույնացած է եղել Հայ ազգային կոնգրեսի հետ: Այսինքն՝ այսօր ոչ մի բան չի փոխվում. նույն մարդիկ են, բացի որոշ ուժերից, որ ուրիշ ճանապարհ ընտրեցին։ Բոլորին մաղթում եմ բարի ճանապարհ և հաջողություններ: Հակառակը, ինչպես ասացի՝ երախտապարտ ենք, շնորհակալ ենք, այն ճանապարհի համար, որ նրանց հետ անցել ենք: Դիվանագիտություն չեմ անում, ասում եմ ամենայն անկեղծությամբ: Բացի քաղաքական գործիչ լինելուց ես գիտնական եմ, և ինձ համար կարևորը փաստն է»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա մաղթեց նաև, որ ՀԱԿԿ-ն արժանի լինի դաշինքի դերին ու նշանակությանը և կարողանա շարունակել այն ավանդները, որ դրել է Կոնգրեսը:


Ապա Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ կուսակցության ծրագրին, որին ակտիվագույն մասնակցություն է ունեցել, երեք անգամ կարդացել է խմբագրական հանձնաժողովի կազմած նախագծերը, արել է դիտողություններ: Նա պարզապես մատնանշեց, որ պետք է շեշտը դնել ոչ թե քայլերի ու հանգրվանների, այլ փիլիսոփայության վրա: «Եվ կա մի բաժին, որը կոնյունկտուրա է, որը գործնական քաղաքականությանն է վերաբերում, և այդ բաժնի կարիքը այլևս կարող է չզգացվել, երբ Հայաստանում հաստատվեն իսկապես սահմանադրական կարգեր: Այս բաժնում իսկապես արտահայտված է այն, ինչ մենք ունենք Սահմանադրության մեջ: Եթե ուզում եք իմանալ մեր գաղափարախոսությունը, նույնիսկ կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ բծախնդիր կերպով, քայլ առ քայլ իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրության դրույթները»,- նշեց նա՝ հավելելով, որ ցանկացած իշխանություն, որը կարողանա իրականացնել մայր օրենքի դրույթների գոնե մի մասը, ապա նա արդեն մեծագույն գործ արած կլինի Հայաստանի և հայ ժողովրդի համար, և որ քաղաքականությունը գործ է, որն արտահայտված է Սահմանադրության մեջ:


Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա էլ նույն կարծիքին է, որ առաջնահերթ է իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխություն, ինչը նախկինում շատերի քննադատությանն արժանացավ։ «Մարքսը և Լենինը ողջունել են բոլոր բուրժուադեմոկրատական հեղափոխությունները։ Այո, պետք է լիներ բուրժուադեմոկրատական հեղափոխություն, պետք է հաստատվեր կապիտալիստական կարգեր, այդ կարգերը սպառեին և դրանց պետք է հաջորդեր սոցիալիզմը, սոցիալիստական հեղափոխությունը։ Սա էր նրանց սոցիալիստական ուղին։ Այսինքն՝ սոցիալիզմի տեսակետից՝ առաջնահերթը բուրժուադեմոկրատական հեղափոխությունն է։ Մինչև բուրժուադեմոկրատական հեղափոխությունը չլինի, իրական սոցիալիզմ չի լինի»,- ասաց նա և բացատրեց, թե ինչ է նշանակում բուրժուադեմոկրատական հեղափոխություն։ «Ընդամենը արտադրողական ուժերը պետք է կապանքներից ազատված լինեն, ժամանակին դրանք ֆեոդալական կապանքներ էին, այսօր էլ մեզ մոտ ավազակապետական կապանքներ են, ոչ մի տարբերություն չկա»,- ասաց նա և նշեց, որ մինչև խոշոր բուրժուազիան Հայաստանում չազատվի ավազակապետական կապանքներից, Հայաստանը բարգավաճ և ժողովրդավարական չի լինելու։ «Մինչև խոշոր բուրժուազիան չազատվի այդ կապանքներից՝ մեր մոտ միջին և մանր բիզնեսը չի զարգանալու, անգամ բողբոջելու հնարավորություն չի լինելու։ Ուրիշ գաղտնիք չկա։ Այստեղ հարցն այն չէ, թե ովքեր են այդ օլիգարխները, խոշոր բուրժուազիան։ Մի կարծեք, թե Ֆրանսիայում խոշոր բուրժուազիան, որ հեղափոխություն էին անուն, ավելի լավն էին, մաքուր ու բարոյական, քան այսօրվանը, այդպես չէ, ուղղակի մարդիկ էին և հասկացան, որ պետք է ազատվել այդ ֆեոդալական կապանքներից, և գործել օրենքի դաշտում՝ միաժամանակ ծաղկեցնելով պետությունը»,- ասաց նա։


Առաջին նախագահը տեսական մասն ավարտելուց հետո նշեց, թե հիմա նույն բանը իրենք ուզում են անել Հայաստանում, ինչը ոմանք սվիններով են ընդունում։ «Թե ինչպե՞ս կարելի է հանկարծ ԲՀԿ-ի հետ համագործակցել, չէ՞ որ նրանք, չէ՞ որ նրանք... Իհարկե, հասկացանք, որ նրանք համակարգի մաս են, կոալիցիայի մաս։ Բայց ի՞նչ վատ բան էր, եթե կարողանայինք պոկել նրան, վաղը մյուսին, հետո մյուսին, քանի որ ուրիշ ճանապարհ չկա»,- ասաց նա։


Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, թե չնայած նրանք սերտաճած էին , բայց որ պետք չէ կարծել, թե իրենք հաջողություն այդ հարցում չունեցան։ «Գոնե մարդկանց մեջ կարողացանք կասկածներ հարուցել։ Խաչատուր Սուքիասյանն ո՞վ էր, նույն այդ բուրժուազիայի և օլիգարխիայի մի մասը, և նույնպիսի վերաբերմունք կար նրա նկատմամբ, ինչ մյուսների, բայց այդ մարդը հասկացավ, եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը և ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը՝ իշխանություններն առաջին հարվածը հասցրին նրան։ Իշխանություններն ավելի լավ են հասկանում որտեղ է վտանգը, քան, այսպես կոչված, մեր քաղաքական ուժերը, սրանք հասկացան որտեղ է վտանգը և ամենադաժան հարվածը հասցրին Խաչատուր Սուքիասյանին և սնանկացրին այդ մարդուն»,-ասաց նա։


Տեր-Պետրոսյանը շեշտեց, թե, իհարկե, դա կանեին, որովհետև նա մենակ էր, իսկ եթե նրա նման մի քանի հոգի լինեին կամ բոլորը, իշխանությանը դա չէր հաջողվի։ «Այսօր նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը և ի՞նչ են անում։ Փոխանակ նպաստեն այդ պրոցեսին, փոխանակ անեն ամեն ինչ, որ դա գնալով խորանա։ Եվ այդ մարդը որևէ քայլ չարեց, որ կասկած հարուցի, որ նա չի փորձում պոկվել իշխանությունից։ Ես չեմ ասում, որ պոկվել է իշխանությունից, նա չի կարող, հսկայական տնտեսություն ունի, հազար ու մի բաներով կապված, բայց բոլոր քայլերը դա են ցույց տալիս, որ դուրս եկավ կոալիցիայից, չսատարեց Սերժ Սարգսյանին ընտրություններում, խորհրդարանական ընտրություններում առանձին մասնակցեց, դահլիճում չմասնակցեց Սերժի երդմնակալությանը, այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ, ինչպե՞ս կարող է մի ուժ, որ նպաստում է, չեմ ասում պայքարում է, նպաստում է չարիքի դեմ պայքարին և թուլացմանը՝ այդպես վանել։ Ավելի բան չի կարելի մտածել, քան որ այն, որ չեն ուզում այդ փոփոխությունները։ Չեմ բացառում, որ առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարվածը ստանալու է հենց ԲՀԿ-ն, և իմ կարծիքով նրան փորձելու են այն հնարավորությունից զրկել, ինչ եղավ ԱԺ ընտրություններին, որովհետև ուզում են այդ վախը տարածել մյուս օլիգարխների վրա»,- նշեց առաջին նախագահը։


Լևոն Տեր-Պետրոսյանը համոզված է, որ ավագանու ընտրություններին «ժառանգության» նկատմամբ էլ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը փոխվելու է։ «Չկարծեք, թե նրան թույլ են տալու ստանալ այն տոկոսները, ինչ ստացավ նախագահական ընտրություններում։ Սերժը հիշաչար մարդ է և նա երբեք չի ների այն, ինչ նրա դեմ կատարվել է։ Չի ներելու Գագիկ Ծառուկյանին՝ իր անկախ կուսակցական քաղաքական քայլեր կատարելու համար և թույլ չի տալու, որ նա ավելի ամրապնդվի և լուրջ քաղաքական գործոն դառնա Հայաստանում։ Նույնը Րաֆֆիի նկատմամբ, թվում էր՝ նա թույլ էր տալիս ընդդիմության առաջնորդ դառնա, փողոցը վերահսկողության տակ պահի, բայց չի ների նրա 37 տոկոսը, որը կգրանցվի որպես պատմական փոստ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 37% և դա միայն պաշտոնական թվերով։ Ես ասել եմ, մենք միակ քաղաքական ուժն ենք եղել, որ անվերապահորեն ասել ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, բայց նա չի մոռանալու։ Հիմա նա պետք է Րաֆֆիին ցույց տա ուրիշ տոկոսներ, և ասի, սա է քո տոկոսը, նախագահականից բացարձակապես մի քանի կարգ ցածր տրվի, գոնե Սերժի տեսակետից լուծված կարող է համարվել»,- ասաց նա։


Քանի որ անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա առաջին նախագահը նախընտրեց խոսել նաև Րաֆֆի Հովհաննիսյանից։ «Գիտենք, բոլորիդ էլ, ձեզ էլ են շատ անհանգստացնում, մենակ մեզ չէ, ԲՀԿ-ին էլ , ՀՅԴ-ին էլ, նրանց ովքեր հրապարակում չեն, թե ինչու չենք միանում, սա քիչ է մեկ էլ մի քիչ դեմագոգիկ կերպով ասում են՝ «ինչո՞ւ չեք միանում ժողովրդին, և մերոնք էլ, կարծես թե, անհարմար վիճակում են հայտնվում, կոմպլեքսավորվում և այլն։ Պետք չէ բացարձակապես։ Նախ և առաջ, ես չեմ ուզում Րաֆֆիի մասին ոչ մի բացասական բան ասել, չի կարելի, երբ որ մեկը բարիկադների վրա է, նրան չի կարելի այդպիսի դիտողություններ անել»,-ասաց նա։ Տեր-Պետրոսյանը, այդուհանդերձ, նշեց, որ պետք է փաստել, որ իրենք այն քաղաքական ուժն են, որ հստակ ասել են, որ նախագահական ընտրություններին հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Սա քաղաքական առումով մեծագույն աջակցությունն էր, որ կարող էր հարաբերությունները լավացնել «Ժառանգության» հետ, բայց ափսոս։ Երկրորդը՝ մեր ակտիվիստների մեծագույն մասը եղել է հրապարակում, եթե չչափազանցնեմ, հրապարակի կեսը միշտ եղել են Կոնգրեսի համակիրներ։ Եվ երրրոդը՝ ինչու ղեկավարությունը չմիացավ, չեկավ հարթակ։ Այ այստեղ կներեք, մի շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել հարգարժան Սերժ Սարգսյանը՝ միանայի ի՞նչ անեի։ Միանայի, որ գայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի։ Կներեք, ուզում եք հավատացեք, թե չհավատաք, բայց իմացեք, որ Վովայի հետ աղոթելն իմ մանկության երազանքը չի եղել»,-ասաց նա։


Խոսելով նախագահական ընտրություններին հաջորդած գործընթացների մասին, Լևոն Տեր Պետրոսյանն ասաց, որ հետընտրական շրջանի իրադարձություններում հնարավոր եղավ տեսնել ամեն ինչ, բացի քաղաքական պրոցեսից: «Հիմա էլ «Ժառանգության» հետ պատրաստ ենք համագործակցել: Քաղաքական պրոցես ասելով ես հասկանում եմ միմիայն ընտրություններ: Հասկացե՛ք, ուրիշ պրոցես չկա, խնդրեմ, եկե՛ք միանանք, մենք նախապես էլ էինք ասում, կարելի էր միասնական ցուցակով գնալ, հավակնություն չունեինք քաղաքապետ ունենալու, թող առաջին դեմքը լիներ ով կուզեր՝ թող դաշնակցական լիներ, ժառանգական, «Բարգավաճից»… Պատրաստ էինք մեր ուժերը ներդնել այս գործում: Չուզեցին, չարեցին: Դաշնակցությունն առաջարկեց ուրիշ ֆորմատ, երեքով փորձեցին առանց մեզ, էլի չստացվեց: Էստեղ ով է մեղավոր, չգիտեմ: Ուղղակի փաստն եմ արձանագրում, չեմ էլ ուզում որևէ մեկին մեղադրել»,-ավելացրեց Լևոն Տեր-Պետրոսյանը:


Նա այն կարծիքին է, որ միասնական քաղաքական պրոցես տանելու հնարավորություն դեռ կա, բայց լրջորեն, «առանց, չգիտեմ, դեմագոգիայի, կշտամբանքների ու ակնարկների»: Նրա խոսքով՝ այս բաներին պետք է վերջ տալ, իսկ առաջարկն է՝ ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա վերահսկել ընտրությունները, հետագայում համագործակցել:


Նա առաջարկեց ուշադրություն հատկացնել մի քաղաքական երևույթի վրա և հավելեց. «Հասկացե՛ք, այս իշխանությունը տոտալիտար իշխանություն է: Նա որևէ վակուում թույլ չի տալիս: Եթե ձեռքից գա, մի գյուղապետի անգամ թույլ չի տա, որ ընտրվի ուրիշ կուսակցությունից կամ իր կամքին հակառակ»:


Լևոն Տեր-Պետրոսյանը նաև հայտարարեց, որ կա միացյալ ուժերով Երևանում Հանրապետական կուսակցությանը ջախջախիչ պարտության մատնելու հնարավորություն: Ըստ նրա, եթե ռեժիմը նման ցավոտ պարտություն կրեց, ուրեմն այն դատապարտված է կործանման: «Ով ուզում է նախագահ դառնալ, Նախագահի հաղթանակը Երևանի քաղաքապետարանում հաղթանակ տանելն է։ Դե եկեք տարեք այս ընտրությունները»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա նաև ասաց, որ քարոզարշավը չի ուզում անձնավորել, բայց Տարոն Մարգարյանը «համակարգի մի խամաճիկն է, և Տարոնը չլինի, ով էլ նշանակվի համակարգի կողմից, Տարոնից լավը չի լինելու»: Ես պայքարում եմ ոչ թե անձերի դեմ, այլ համակարգի դեմ»,- Լևոն Տեր Պետրոսյանը խնդրում է սա էլ նկատի ունենալ: