Այդ օրը պատասխանատվությունը կրում էին այլ մարդիկ. Լևոն Զուրաբյանը ապրիլի 9-ին հրապարակում չլինելու մասին
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ունի հստակ քայլեր և գիտի, թե ինչ է պետք անել, որպեսզի երկրում իրավիճակը փոխվի: Այս հարցում այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց կուսակցության համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա չցանկացավ պատասխանել այն հարցին, թե ինչու ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը օրը, երբ հազարավոր մարդիկ էին հավաքվել Ազատության հրապարակում՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մասնակցելու «Նոր Հայաստանի երդմնակալությանը», կուսակցությունը չկանգնեց ժողովրդի կողիքին: Նա նշեց, որ այդ հարցի մեջ արդեն գնահատական կա:
Այն դիտարկմանը, թե բոլորը մեղադրում են ՀԱԿ-ին հենց դրա մեջ, նա պատասխանեց. «Թող մեղադրեն, դա ես խնդիր չեմ համարում, մենք մեր գործողությունները կատարում ենք, պայքարի հստակ ծրագիրը ունենք, 5 տարի արել ենք ու հիմա էլ շարունակում ենք անել: Իսկ թե ինչու այնտեղ չէինք, որովհետև 5 տարիների ընթացքում մեր դիրքորոշումը եղել է հետևյալը. որտեղ էլ մենք լինենք, մենք ամբողջական պատասխանատվություն ենք կրելու ցուցարարի համար: Մենք այդ սկզբունքով ենք տարել շարժումը, դա եղել է մեր հիմնարար սկզբունքը: Եթե ես մասնակցում եմ որևէ ակցիայի, ես ամբողջական պատասխանատվություն եմ կրում այդ հարցերի համար: Դա մի՛ մոռացեք: Այդ օրը պատասխանատվությունը կրում էին այլ մարդիկ»,- ասաց նա:
Միաժամանակ նա նշեց, որ ընդդիմությանը քննադատելը անիմաստ գործ է. թիրախը պետք է լինի իշխանությունը: Նա ընդգծեց, որ այսօր ակտիվացել են մարդիկ, ովքեր 5 տարվա ընթացքում չէին ակտիվանում: «Ակտիվացումը կա, դա դրական է: Մնում է ընդդիմությունը ճանապարհ գտնի այդ բոլոր ակտիվացումները, բոլոր մարդկանց ովքեր պատրաստ են պայքարել, միավորելու: Դրա առիթը Երևանի ավագանու ընտրություններն են, որտեղ պետք է միավորվենք ու խլենք քաղաքապետրանը իշխանությունից»,- ասաց նա:










