Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գար Ազատության հրապարակ, հնարավոր է աղոթքի խնդիր չառաջանար. Արմեն Մարտիրոսյան

22:14 • 13.04.13

Ի պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած առաջին համագումարի ժամանակ ունեցած ելույթի շրջանակներում արած հայտարությանը, թե միանար Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը՝ ի՞նչ աներ, որպեսզի Վովա Գասպարյանի հետ աղոթեր, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Լևոն Տեր Պետրոսյանի՝ Ազատության հրապարակ գնալու դեպքում, գուցե աղոթքի խնդիր էլ չառաջանար։ «Ցանկացած պարագայում, եթե նա գար Ազատության հրապարակ, հնարավոր է աղոթքի խնդիր չառաջանար։ Իսկ եթե առաջանար էլ, ապա ինքը կարող էր աղոթել և ոչ թե Վլադիմիր Գասպարյանը, ով միացավ Րաֆֆի Հովհաննիսյանին ընթացքում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ա. Մարտիրոսյանը։


Կուսակցության փոխնախագահը նշեց, որ, գուցե, դրանով ընդամենը փորձում են արդարացում գտնել։ «Եթե արդարացում են փորձում գտնել, կարող են նաև ասել, որ նույնիսկ ժողովուրդ չկա այնտեղ հավաքված, տարբեր բաներ կարող են ասել, խնդիր չկա։ Երբ որ դու պատճառ ես ման գալիս չմասնակցելու համար, դու պատճառ կարող ես միշտ էլ գտնել, թե իբր քաղաքական գործընթացներ չկան։ 2008թ.-ին քաղաքական գործընթաց կար, բայց 2013-ին քաղաքական գործընթաց չկա՞»,- հարցրեց նա և վստահեցրեց, որ եթե որևիցե մեկը ցանկություն ունի տեսնել, թե ինչ է կատարվում և այդ հսկայական քաղաքական պայքարի մեջ քաղաքական տարր տեսնել, կտեսնեի, քանի որ դա ըստ նրա, այնքան մեծ է, որ հնարավոր չէ չտեսնել։


Ինչ վերաբերվում է առաջին նախագահի պատրաստակամությանը, որ միասնական քաղաքական պրոցես տանելու հնարավորություն դեռ կա, բայց լրջորեն, «առանց, դեմագոգիայի, կշտամբանքների ու ակնարկների», Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ եթե իսկապես իրական ցանկություն կա համագործակցելու, իրենք խնդիր չեն տեսնում։ «Խնդիր չկա, բայց իրականում այդքան էլ վստահ չեմ, որովհետև ինքը համագործկացության ձևերը շատ լավ գիտի, և առավել ևս մենք դրա մասին հստակ հայտնել ենք, և առավել ևս 2008թ.-ին Ժառանգության պատգամավորերն այնտեղ էին, 2013թ-ին՝ ՀԱԿ պատգամավորներից հրապարակում չտեսանք, Նիկոլ Փաշինյանին կարելի է երևի դուրս թողնել, որովհետև Նիկոլ Փաշինյանը կուսակցության անդամ չի եղել»,-ավելացրեց նա։


Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ապրիլի 12-ի հանրահավաքին միասնական ճակատով գնալու մասին առաջարկից և Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա արձագանքից կարելի՞ է հուսալ, որ համագործակցությունն, արդուհանդերձ, հնարավոր է ստացվի, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ իրենց քայլերն ինչպիսին կլինեն, բայց այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մեկ անգամ է ասել միասնական աշխատելու մասին, կարծում եմ բոլորին է հայտնի, և երեկվա հանրահավաքին էլ նա դրա մասին հայտնեց։ Հավանական համարելու խնդիր չկա, քննարկումը և աշխատանքը բաց է լինելու, այն մարդիկ կամ ուժերը, ովքեր կցանկանան, կուզենան մասնակցել այդ պայքարին, որևէ խնդիր չկա»,- նշեց նա։


Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած Տեր-Պետրոսյանի գնահատականներին, թե Գագիկ Ծառուկյանը իշխանությունից պոկվելու ճանապարհ է ընտրել և որևէ քայլ չարեց, որ կասկած հարուցի, որ նա չի փորձում պոկվել իշխանությունից, Արմեն Մարտիրոսյանը հարկ համարեց խոսել նման կասկածելի քայլերից։ «Չգիտեմ ով ումից է պոկ գալիս, բայց բովանդակային առումով շատ պարզ օրինակ բերեմ։ Երևան քաղաքի որևէ որոշման ԲՀԿ-ն դեմ չի քվեարկել, կամ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն կոչ չարեց քվեարկել ընդդիմության որևէ թեկնածուի օգտին»,-եզրափակեց նա։


 

 

ԱՆ