Նախախորհրդարանը Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում, որովհետև պայքարը գնում է դեպի փակուղի

19:07 • 13.04.13

Նախախորհրդարանը հայտարություն է տարածել, որով տեղեկացնում է մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին։ Հայտարարության մեջ ասված է.


2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընդվզման համընդհանուր և ինքնաբուխ բնույթը վկայում են, որ ժողովուրդը կեղեքիչ համակարգից օր առաջ ազատվելու ազդակ է ուղարկում առողջ քաղաքական ներուժի ակտիվին՝ այդ պայքարին լծվելու պատրաստակամության հետ միասին նաև իրեն կազմակերպելու և առաջնորդելու յուրօրինակ պատգամ ու հանձնարարություն տալով նրան:


Սակայն մինչ օրս ժողովրդական ընդվզման ալիքը կազմակերպական հունի մեջ չի դրվում, ինչի հետևանքով պայքարը գնում է դեպի փակուղի: Քվեարկության օրվանից մեկուկես ամիս անց դեռևս չի մշակվել ու ներկայացվել շարժման կայացման ու ընթացքի ծրագիր, և չի ձևավորվել այն համակարգող կոլեգիալ մարմին: Դրա փոխարեն ժողովրդին ընդամենը առաջարկվում է ընտրություն կատարել ոգեշունչ հռետորաբանության ու արկածախնդրության միջև:


Ընդսմին, այս ամենը կատարվում է շարժումը կայացնելու և հաղթական ավարտին հասցնելու վերաբերյալ Նախախորհրդարանի ու նրա ներկայացուցիչների` պարզ և հստակ կերպով ներկայացրած ծրագրային առաջարկությունների ու հորդորների անտեսմամբ:


Նախախորհրդարանը դեռևս նախագահական ընտրությունների մեկնարկի փուլում զգուշացրել է, որ ազգի ու երկրի նորգաղութային կեղեքման գործիքի վերածված, ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ինքնիշխանությունը խափանող առկա պետական կառավարման համակարգի ներսում և նրա կանոններով հնարավոր չէ ընտրությունների միջոցով հասնել արդյունքի:


Ուստի ժողովրդի իշխանությունն իրացնելու ու նրա ինքնիշխանությունը դրսևորելու միակ ճանապարհը ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ պետական կառավարման առկա համակարգից դուրս՝ ժողովրդի սահմանած կանոններով կազմակերպվող այլընտրանքային ընտրությունների միջոցով զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ստեղծումն ու լեգիտիմացումն է և հարմար պահին դրանցով գործողներին փոխարինումը:


Միայն այդ կերպ կարելի է կյանքի կոչել իրապես ինքնիշխան, հայության շահերն իրացնելու ունակ, մարդու և քաղաքացու ազատ ու արժանապատիվ կյանքը երաշխավորող նոր որակի պետություն ստեղծելու համազգային նպատակը:


Նախախորհրդարանը վերը նշված հարցերի վերաբերյալ իր ծրագրերն ու անելիքները ներկայացնելու նպատակով մայիսի 9-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք: