Սաակաշվիլին Իվանիշվիլիին «խորհրդային վերապրուկ» է անվանել

17:44 • 13.04.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Լեհաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Եվրոպայի քոլեջի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի օրերս հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ կսկսվի 2008թ. ռուս-վրացական պատերազմի հետաքննություն, հայտնում է apsny.ge-ն։

 

«Երկու օր առաջ վարչապետն ընդգծեց, որ կսկսի 2008թ. ռուս-վրացական պատերազմի հետաքննություն, սակայն միևնույն ժամանակ նա արդեն վճիռ է կայացրել, որի համաձայն՝ պատերազմը սկսել է իմ կառավարությունը։ Միայն պատկերացրեք, որ 1939թ.-ի սեպտեմբերին Գերմանիայի միջամտությունից հետո ոչ թե ինչ-որ լեհ շարքային քաղաքական գործիչ, այլ Լեհաստանի կառավարության ղեկավարը հայտարարեր, որ Լեհաստան Խորհրդային Միության ներխուժումը հրահրել են լեհերը։ Նման հայտարարությունը, բնականաբար, կարող է ժպիտ առաջացնել, սակայն ոչ ինձ մոտ, քանի որ դա վերաբերում է իմ երկրին»,- ասել է նա։ 

 

Սաակաշվիլին նշել է, որ «երբ մի երկրի առաջնորդ, որի տարածքները գրավված են, հայտարարում է նույն բանը, ինչ-որ զավթիչը, երևի արդեն կռահում եք, որ նա խորհրդային վերապրուկ է»։