Րաֆֆի Հովհաննիսյանը շատ փայլուն ձևով է տանում շարժումը. Լևոն Շիրինյան
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ հակառակ ժողովրդին մասնատելու և հուսալքության հասցնելու և՛ ընդդիմության, և՛ իշխանության կողմից միաժամանակ արվող փորձերին, «Ժառանգություն» Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ շարժումը տարվում է շատ փայլուն ձևով։
«Րաֆֆի Հովհաննիսյանը, վարպետորեն չբացելով խաղաքարտերը, մարտավարության մեջ լինելով անկանխատեսելիի կողմնակից, քաղաքական դաշտին հանկարծակիի բերեց, որը, ըստ էության, հաջողություն ունեցավ՝ գործընթացը չտանելով բռնությունների»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Քաղաքագետը հիշեցրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը կուսակցությունների միասնական թեկնածու չէր, այլ իրական իմաստով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։
«Նա բոլորին հանկարծակիի բերեց նաև ընդդիմության դաշտում և շարժեց մարդկային նախանձը, որը շատ վատ բան է քաղաքականության մեջ։ Ընտրություններից առաջ միանշանակ հայտարարում էին, թե Սերժ Սարգսյանը հաղթած է և վերջ, հետո սկսեցին նույն մարդիկ հայտարարել, թե միանշանակ չհաղթեց, և քաղաքական գործընթացը կամ շարժումը մեռած է և շատ արագ կմարի, բայց հետո էլ տեսան, որ այդպես էլ չկատարվեց»,-ընդգծեց նա։
Լևոն Շիրինյանն ավելացրեց, թե նրանք, ովքեր նշում են, թե Րաֆֆի Հովհաննիսյանի աննախադեպ ձայների քանակը պայմանավորված է նրանով, որ հայ հասարակության մեջ կա բողոքավորների հսկայական բանակ, դա անում են դիտավորյալ։
«Իրականում Հայաստանի վերածննդի, նորմալ պետություն դառնալու պահանջի հսկայական զանգված կա, սա Հայաստանի հույսով ապրող մարդիկ են, ովքեր էլ ընտրեցին Րաֆֆի Հովհաննիսյանին»,- մեկնաբանեց նա։
Այդուհանդերձ, հասարակության շրջանում որոշակի հուսահատության առկայությունը քաղաքագետը բացատրում է նրանով, որ հայ հասարակությունը սովոր չէ պայքարի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած ձևին, այսինքն՝ պայքարը ոչ թե մեկ օրվա գործողություն է, այլ տևական գործընթաց։
«Չնայած մեր պատմական գենետիկական ծագումը սա շատ է ուզում, բայց 1990թ.-ից քաղաքական կյանքում դերակատար է կա՛մ իշխանությունը, կա՛մ ընդդիմությունը, և սրանց համար անակնկալ և անհասկանալի բաներ էին, ու որոշ դեպքերում ուղեղների աշխատանքը չհերիքեց հասկանալու այս գործընթացի իմաստը»,- նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ մյուս կողմից էլ իշխանություններին սպասարկող քաղաքական վերլուծաբանների հսկայական բանակը անընդհատ ուզեց ժողովրդի մեջ կամ պառակտում և հուսալքություն մտցնել, կամ հեռանկարի բացակայություն:
«Բայց տեսնում ենք, որ գործընթացը գնում է մի հստակ նպատակադրումով, որ Հայաստանում բախումներ չեն լինելու, որովհետև ամեն ինչ պետք է լինի կոնսենսուսի և կոմպրոմիսի սկզբուքնների վրա, որոնք հանճարեղ քաղաքական մարտավարության սկզբունքներ են»,- ընդգծեց նա:
Լևոն Շիրինյանը կարծիք հայտնեց, որ այս շարժումն անկախ ամենից նոր վերելք կունենա, քանի որ ժողովրդի մեջ ավելի կամրանա այս ամենը, որը, ըստ նրա, Ղարաբաղ կոմիտեի հայտնի ձեռագիրը չէ, ռուսական քաղաքական մշակույթից դուրս է և ավելի շատ հայկական մշակույթ է։
Քաղաքագետը հույս հայտնեց, որ հայ հասարակությունը կըմբռնի Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը. «Որովհետև նա շատ ճկուն, փայլուն գործելակերպ ունի, որովհետև չի հայտարարում՝ ինչ է անելու, և դրա համար բոլորն ասում են թե մարտավարություն չունի։ Ի՞նչ են ուզում, որ դառնա այն, թե «ասա ուր ես գնալու գամ բռնեմ ծեծեմ», դրան է սովոր մեր հայաստանյան քաղաքական կյանքը»։
Լևոն Շիրինյան վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն աշխատում է ժողովրդի պատմական հիշողության վրա, և մեր ժողովուրդը վերածնվում է դրանից։ «Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը սա, երևի թե, կնկատի, բայց և ես կուզեի, որ երկուսը միասին համագործակցեն և տանեն առաջ, մնացածը կապրենք, կտեսնենք առաջ»,- ասաց նա և ավելացրեց, թե սա դեռևս ավելի շատ օլիգարխիկ համակարգի դեմ պայքարի է նման։
«Եթե ուզում եք իմանալ, Հովհաննիսյանը դասակարգային պայքարի տարր ունի իր մեջ և ժողովրդի միջից առաջադրված, և ուրեմն ժողովուրդը համբերատարությամբ պետք է աջակցի, և կարծում եմ, որ առաջիկա 5 տարիները կլինեն մեծ փոփոխության տարիներ, նախագահի, բայց ոչ նրա միջավայրի հետ համագործակցությունով, որը ես շատ եմ ուզում։ Միջավայրը խանգարելու է այդ գործին»,-եզրափակեց նա։










