Մենք ոչ մեկի ջրաղացին ջուր չենք լցնում. «Առաքելության» քարոզարշավը Երևանում (տեսանյութեր)
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում էր, որտեղ կուսակցության ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնողներն իրենց ծրագիրն էին բաժանում մարդկանց։
Tert.am–ի հետ զրույցում կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը քարոզարշավի առաջին շաբաթը գնահատեց դրական։
«Առաջին օրերին սկսեցինք փակցնել մեր քարոզչական պաստառները, մի քանի ազդակ ենք ստացել, որ հասարակության մեծամասնությունը տեղյակ չէ, թե ինչ մոդելով է ընտրությունը տեղի ունենալու»,–ասաց նա՝ հավելելով, որ ամեն օր իրենց կուսակցության նկատմամբ ճանաչելիությունը և վերաբերմունքը դեպի դրականն է գնում։
Որպես նորաստեղծ կուսակցություն, շատերի մոտ առաջացած այն հարցադրմանը, թե ում ջրաղացին է ջուր լցնում քաղաքական ուժը, մեզ հետ զրույցում Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Մենք մինչև նախագահական ընտրություններ էլ հայտարարել էինք, որ որևէ մասնակցություն չենք ունենալու, և արդյունքներով ստացվեց այնպես, որ ժողովուրդն արտահայտեց իր վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ, սակայն մեզ համար պարզ դարձավ, որ այս նախագահական ընտրություններով այսօրվա քաղաքական դաշտը ի վիճակի չէ ժողովրդի օգտին գործել։ Այդ միտումով էլ մենք որոշեցինք մեր մասնակցությունն ունենալ քաղաքի կառավարման գործում և մեր ծրագրերն առաջ քաշել։ Մենք ոչ մեկի ջրաղացին էլ ջուր չենք լցնում»։
Նշենք, որ թռուցիկներ բաժանելու ժամանակ մարդկանց արձագանքները կուսակցության մասին հիմնականում այն էր, որ նրանց մասին տեղյակ չեն, ոմանք էլ, արտահայտելով իրենց հիասթափությունը երկրի իշխանությունների մասին, ասում էին, որ արդեն ոչ մեկին չեն հավատում և չեն էլ ցանկանում ծանոթանալ որևէ նոր կուսակցության ծրագրերի։
«Հներն ի՞նչ են արել, որ նորերն ինչ անեն։ Ոչ մեկին էլ չենք հավատում։ Ծանոթ չենք, չենք էլ ցանկանում ծանոթանալ։ Ես Տարոնին եմ ընտրելու։ Ով էլ լինի, ոչ մի բան չի փոխվելու»,– ասաց քաղաքացիներից մեկը։ Նման այլ կարծիքներ էին հնչում քաղաքացիները, երբ «Առաքելության» ներկայացուցիչները բաժանում էին իրենց թռուցիկները։
Իրենց հասցեին հնչած կարծիքների մասին կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն ասաց, որ դրանք սպասելի էին։ Իսկ ինչ վերաբերում է իրենց շանսերին, ապա նա հավելեց. «Այո, այս պահին մեր ունեցած ռեսուրսը իրական ենք գնահատում, բայց կարծում ենք, որ մեր ունեցած ծրագիրը էականորեն տարբերվում է մյուսներից, մենք ունենք հնարավորություն՝ ներկայացված լինելու ավագանու կազմում, և դա երկու ամիս ստեղծված ուժի համար, կարծում եմ, նորմալ արդյունք կլինի»։










