Նեպալցի հաղորդավարը ռեկորդ է սահմանել՝ 62 ժամ անցկացնելով եթերում

16:08 • 14.04.13

Նեպալցի 36-ամյա հաղորդավար Ռաբի Լամիչանին նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ մնալով մայրաքաղաք Կատմանդուի հանրային ալիքի հեռուստաեթերում 62 ժամ 12 րոպե, հայտնում է Life News-ը։


Այդպիսով, Լամիչան անցկացրել է ամենաերկար անդադար շոուն՝ գերազանցելով իր ուկրաինացի գործընկերների նախորդ ռեկորդը. Պավել Կուժևը և Տատյան Դանիլենկոն 2011-ին հաղորդումը վարել էին 52 ժամ։


Նոր ռեկորդակիրն այժմ ապրում է ԱՄՆ-ում, սակայն վերադարձել է հայրենիք՝ «Բուդդան ապրում է Նեպալում» հաղորդումը պատրաստելու համար։


«Մեր հաղորդման նպատակը աշխարհին Բուդդայի և Նեպալի մասին պատմելն է՝ մեր երկրի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրություն առաջացնելու համար»,- ասել է հեռուստաալիքի ղեկավարներից մեկը։


Հաղորդման ընթացքում Լամիչանին միացել են մի քանի տասնյակ հյուրեր, որոնց թվում է Նեպալում Հնդկաստանի դեսպանը, ինչպես նաև տեղի հեռուստաաստղեր։


Ըստ Գինեսի Ռեկորդների գրքի՝ Ռաբին կարող էր հանգստանալ 5 րոպե յուրաքանչյուր ժամը մեկ։ Հաղորդավարը նաև սնվել է և էներգետիկ ըմպելիքներ խմել՝ չկտրվելով նկարահանումներից։