Բրիտանական ոստիկանությունը 150 հազար ֆունտ ստերլինգ է կորցրել կանեփի գոլորշու պատճառով
Թմրանյութերի գաղտնի պլանտացիայի ոչնչացման ժամանակ ոստիկանության աշխատակցուհի Քերի Թեյլորը մարիխուանայի գոլորշի է շնչել և վնասել է մատը, երբ փորձել է բացել պատուհանը: Չհանդուրժելով «աշխատանքի անտանելի պայմանները» կինը դատարանի միջոցով ղեկավարությունից 5 հազար ֆունտ ստերլինգ փոխհատուցում է ստացել: Ոստիկանությունը, փորձելով բողոքարկել դատավճիռը, արդեն 145 հազար ֆունտ ստերլինգ է ծախսել դատական գործընթացի վրա: Այս մասին գրում է Russian Today-ը:
34-ամյա Թեյլորի ղեկավարությունը չի ապահովել նրա անվտանգությունը «վտանգավոր տարածքում» աշխատելու համար, երբ նա Հեմփշայրում մասնակցում էր մարիխուանա աճեցնող ստորգետնյա ֆաբրիկայի ոչնչացման գործողություններին: Արդյունքում կինը ենթարկվել է լուրջ վնասվածք ստանալու վտանգին, The Sunday Mirror հրատարակչությանը պատմել է նրա փաստաբանը:
Կնոջ փաստաբանի հայտարարությամբ նրան պետք է տրամադրեին հաստ աշխատանքային ձեռնոցներ բարակների փոխարեն և պաշտպանիչ հանդերձանք: Սակայն ոստիկանությունը պարզաբանում է, որ այդ աշխատանքի համար նրան այդ պարագաները անհրաժեշտ չէին:
Այս գործի հետաքննությունը շարունակվում է արդեն 5 տարի տարբեր դատական հաստատություններում: Ոստիկանությունը հրաժարվում է իր աշխատակցուհուն փոխհատուցում վճարելուց, իսկ կինն, իր հերթին, մտադիր չէ հրաժարվել այդ գումարից:










