Ծառատունկ Երևանում, մասնակցել է նաև Տարոն Մարգարյանը (լուսանկարներ)
Երևանում այսօր համաքաղաքային ծառատունկ էր հայտարարված, որին բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ուսումնական, առողջապահական և տարբեր այլ հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հազարավոր երևանցիների հետ միասին մասնակցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ծառատունկի շրջանակում Նոր Նորքի Հայորդաց տան հարևանությամբ գտնվող տարածքը հերթական անգամ համալրվել է նոր տնկիներով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի և հարյուրավոր երևանցիների հետ միասին հենց այդ տարածքում ծառատունկին իրենց ակտիվ մասնակցությունը բերած ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, ողջունելով նախաձեռնությունը, նշել են, որ այն անչափ կարևոր է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ, այլև ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով:
Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքում կազմակերպված ծառատունկին: Ի դեպ, գեղեցիկ անտառպուրակ ստեղծելու նպատակով, այս տարածքը ևս ապահովվել է ոռոգման համակարգով: Երևանի քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրով այստեղ շուրջ 9000 մետր ոռոգման նոր ցանց է անցկացվել:
Ծառատունկի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, նշված աշխատանքներում ներգրավված կազմակերպություններին տրամադրվել են համապատասխան գործիքներ ու աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ այլ միջոցներ։
Գարնանային ծառատունկի ընթացքում Երևանում ընդհանուր առմամբ կտնկվի 30.000 ծառ և 10.000 թուփ: Ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում։ Ոռոգման ցանցի ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրով մայրաքաղաքում ավելի քան 20 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի և այս ամբողջի արդյունքում Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը այս տարի կհասնի շուրջ 900 հա-ի, ինչը Խորհրդային վերջին տարիների ցուցանիշն է:
Երևանի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով, այս տարի մայրաքաղաքում կտնկվի շուրջ 100.000 ծառ և թուփ: Այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքները կզարդարեն ավելի քան 2 մլն բազմերանգ ծաղիկներ, ինչը ևս աննախադեպ ցուցանիշ կլինի Երևանի համար:










