Այսօր մեր խնդիրների հիմնական պատճառը քաղաքական մենաշնորհն է. Վարդան Օսկանյան
Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր՝ Շենգավիթի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց, որ Հայաստանի խնդիրների հիմնական պատճառը առկա քաղաքական մենաշնորհն է և բնակիչներին կոչ արեց ձայն տալ ԲՀԿ–ին մի քանի պատճառներով:
«Եթե իրոք վստահում եք քաղաքի իշխանությունը մեզ, ես վստահեցնում եմ, որ մեր կուսակցությունը հիմնականում առաջնորդվելու է երեք սկզբունքներով, մենք նվիրվելու ենք այս քաղաքին, մենք աշխատելու ենք նվիրված ոչ թե մեր անձնական շահերին, այլ աշխատելու ենք՝ ելնելով քաղաքի շահերից։ Եվ Երևանի ընտրությունները այսօր մեր առաջ եղած առաջին հնարավորությունն է, որ մենք կարողանանք վերացնել քաղաքական մենաշնորհը վերացնել»,– ասաց նա։
«1991թ.–ից ի վեր երբևէ եղե՞լ է, որ մեր քաղաքական դաշտում հակակշիռներ լինեն։ Նույնիսկ դպրոցի տնօրեններն են արդեն մի կուսակցության անդամ, և նրանք անում են ինչ ուզում են, և դրա համար այս վիճակն է»,– ասաց Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ եթե Երևանի քաղաքապետը գոնե այլ կուսակցության անդամ լինի, կառավարության նիստերին հլու հնազանդ չի նստի, և խնդիրները նման կերպ չէին լինի։
Անդրադառնալով Երևանի խնդիրներին՝ նա նշեց, որ այժմ քաղաքի իշխանությունն Ամիրյան փողոցն է ասֆալտապատում, երբ այդ փողոցի վրա մեկ փոս չկար։ «Դրոշների վրա ավելի շատ փող են ծախսվում, քան վերելակների խնդիրների վրա»,– ընդգծեց նա։
ԲՀԿ ցուցակը գլխավորող թեկնածուի խոսքով՝ Երևանը միայն կենտրոնը չէ, միայն Աբովյան փողոցը չէ, և իրենք առաջին հերթին այնպես են անելու, որ զարգացումը լինի համաչափ, և իրենց մոտեցումը լինելու են ամբողջական։
Ելույթով հանդես եկավ նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ հիշեցրեց կուսակցության կարգախոսը և ասաց. «Փոխելու ենք ձեզ հետ միասին, փոխելու ենք բոլորիս կյանքը, այն քաղաքական ուժը, որը կասի, թե մեկ օրում բոլոր խնդիրները լուծելու է, դա կլինի իրենց կողմից դրսևորված արկածախնդրություն, քանի որ երկիրն այնպիսի վիճակի մեջ է, որ այս վիճակից հանելը քրտնաջան աշխատանքի արդյունքում կլինի»։
Պատգամավորը ժողովրդին կոչ արեց չհավատալ այն խոսակցություններին, թե ամեն ինչ որոշված է, թե իրենց «դեմ խաղ չկա»։ ««Մեր դեմ խաղ չկա» բանաձևը պետք է լուծվի մայիսի 5–ին, և մենք տեր ենք կանգնելու ձեր քվեին»,– վստահեցրեց նա։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ անդրադարձավ մի շարք կենցաղային խնդիրների և ասաց. «Ընտրում են մեզ, և մենք ասում ենք՝ մեկ տարվա ընթացքում 12 մանկապարտեզ ավել կունենանք, հաջորդը, որը մենք կարող ենք անել, թոշակառուների հարցերին անդրադառնալն է. թոշակառուները կստանան հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն։ Քաղաքը կկանգնի ձեր թիկունքին, քաղաքային իշխանությունը կլինի ձեր կողքին»։










