Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է սկսվի «ներքևից» և հնարավորինս արագ. Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է ջերմանան մինչև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, հակառակ դեպքում այդ հարցի շուրջ առաջընթաց տեղի չի ունենա։ Այդ մասին «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Օքսֆորդի համալսարանի քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ Նիլ Մաքֆարլեյնը։
Նա նշել է, որ մեծավմասամբ հարաբերությունների բարելավման հնարավորությունը կախված է այն հանգամանքից, թե Հայաստանը և հայկական սփյուռքը Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ինչ միջոցառումներ կկազմակերպեն ու կանցկացնեն։
Պրոֆեսորի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում մինչև 2015թ.-ը գրանցված առաջընթացը կարող է դրանց հետագա զարգացման համար յուրօրինակ բազա հանդիսանալ։
«Այս պահին Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է անորոշ ժամկետով։ Հաշվի առնելով առկա իրավիճակը, դժվար թե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի հայկական կողմի համար ընդունելի փաստաթուղթը։ Երևանն իր հերթին չի ստորագրի այն՝ Անկարայի նախապայմաններով։ Հարաբերությունների կարգավորումը երկաստիճան գործընթաց է։ Առաջինն այսպես կոչված «վերին» կարգավորումն է՝ արձանագրություններով, իսկ «ստորինը» միջոցառումներ են, որոնք ավելի ցածր մակարդակով են և ուղղված են երկկողմ հարաբերությունների պրակտիկ բարելավմանը՝ օդային հաղորդակցություն, վիզային հարցեր, առևտուր, մշակութային, ակադեմիական կապերի ամրապնդում և այլն»,-ասել է փորձագետը՝ նշելով, որ այս պահին երկրորդ տարբերակն ավելի շատ բան կարող է տալ։
Պատասխանելով Անկարայի՝ էներգետիկ հարցերում Ադրբեջանից ունեցած կախմանը, Մաքֆարլեյնն իրավիճակը հետևյալ կերպ է ներկայացրել. «Որքանով հասկանում եմ՝ էներգետիկ հարցերում Թուրքիան ավելի շատ կախում ունի Ռուսաստանից, քան Ադրբեջանից։ Այստեղ հարցն այլ հարթության վրա է։ Խնդիրը ոչ այնքան էներգետիկ կախվածությունն է, որքան Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայում կարծիքի ձևավորման վրա»։
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորը նշել է, որ Ադրբեջանը նավթ արտահանելու այլ տարբերակ չունի, քան Թուրքիայի տարածքը։ «Այդ կերպ՝ Անկարան այստեղ ևս ճնշման լծակներ ունի»,-ասել է քաղաքագետը, ընդգծելով, որ Թուրքիան տարածաշրջանում պոտենցիալ լուրջ մրցակիցներ չունի։










