Ֆրանսիայում զարգանում են հակաիսլամական տրամադրությունները
Փարիզի մոտակայքում անհայտ մարդիկ պղծել են շինհրապարակը, որտեղ պետք է մզկիթ կառուցվի՝ պատերին նկարելով ռասիստական նկարներ և խոզի գլուխ գցելով: Այս վանդալիստական գործողությունը միայն մեկն է այն հազարավորներից, որոնք արվել են այս երկրում տարվա սկզբից, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանությունն արդեն հետաքննում է Փարիզից 50 կմ արևելք գտնվող Մո քաղաքում տեղի ունեցած դեպքը: Սակայն հույսը, որ այս հանցագործությունը կբացահայտվի, բավականին փոքր է:
Իսլամական համագործակցության և ֆրանսիական իշխանությունների ներկայացուցիչները քննադատել են այս քայլը, որպես կրոնական անհանդուրժողականություն՝ այս դեպքն անվանելով «ռասիստական» և «իսլամաֆոբիական»:
Ըստ Մոյի քաղաքապետ Ֆրանկ Ռիեստերի, նման գործողություններն անթույլատրելի են:
«Մենք պետք է ձգտենք լարվածության նվազեցմանը և հարգենք յուրաքանչյուր մարդու՝ անկախ նրա կրոնական համոզմունքներից»,-հայտարարել է նա:
Նա նաև նշել է, որ միջադեպը չի ազդի մզկիթի կառուցման վրա, որը պետք է ավարտվի այս տարվա հուլիսին:
Մոյի կիսակառույց մզկիթը արդեն 11-րդ մուսուլմանական շինությունն է Ֆրանսիայում, որը պղծվել է 2013 թվականի սկզբից:










