Պատմության այս օրը. առաջին «Միսս աշխարհ» մրցույթն ու «Տիտանիկ» նավի խորտակումը

10:44 • 15.04.13

«Միսս աշխարհ» գեղեցկության առաջին մրցույթը կայացել է Լոնդոնում, 1951թ. ապրիլի 15-ին, հայտնում է calend.ru-ն:


Շնորհիվ այս իրադարձության՝ Լոնդոնը ձեռք է բերում գեղեցկության համաշխարհային մայրաքաղաքի համբավ։ Առաջին «Միսս տիեզերք» մրցույթը նույնպես կայացել է Լոնդոնում։

 

«Միսս աշխարհ» կոչմանն այդ ժամանակ հավակնել է 30 աղջիկ։ Նրանք բեմ են բարձրացել «բիկինի» լողազգեստներով, որոնք այդ ժամանակ դեռևս հայտնի չէին Անգլիայում, ինչը ֆուրոր է առաջացրել։

 

Իսկ ամենաառաջին գեղեցկության մրցույթն անցկացվել է 1888թ. սեպտեմբերի 19-ին, Բելգիայի Սպա քաղաքում։ Այն ժամանակ 350 թեկնածուներից 21-ն անցնում են եզրափակիչ, որտեղ բացառապես տղամարդկանց ժյուրին «ուսումնասիրում» է նրանց փակ դռների ետևում։


Ատլանտյան օվկիանոսում այսբերգի հետ բախվելուց հետո խորտակվում է անգլիական «Տիտանիկ» նավը


1912թ. ապրիլի 15-ը պատմության մեջ հիշատակվում է որպես 20-րդ դարի խոշոր ծովային աղետի օր. Սաութհեմփթոնից (Մեծ Բրիտանիա) Նյու Յորք (ԱՄՆ) ճանապարհին, բախվելով այսբերգին, խորտակվում է  «Տիտանիկ» ուղևորատար նավը։ Ողբերգական դեպքի մասին տասնյակ գրքեր և հոդվածներ են գրվել, մի քանի ֆիլմ է նկարահանվել։

 

Տարբեր տվյալներով՝ այդ վթարի հետևանքով մահացել է 1.400-ից 1.517 մարդ։ Փրկվածները կրկնակի քիչ էին. ընդամենը 700 մարդ։