Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթում է Նիկոլաս Մադուրոն

08:31 • 15.04.13

Վենեսուելայի նախագահի թեկնածու իշխող կուսակցությունից առաջադրված Նիկոլաս Մադուրոն, նախնական տվյալներով, հաղթել է երեկ կայացած ընտրություններում. ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալության հղումով, այդ մասին հայտարարել է երկրի Ազգային ընտրական հանձնաժողովը։


Հանձնաժողովի տվյալներով՝ Մադուրոյի օգտին քվեարկել է ընտրողների 50,76%, իսկ ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի օգտին՝ 49.07%-ը։


«Մենք այժմ կարող ենք ասել, որ արդարությամբ հաղթել ենք ընտրություններին»,-հայտարարել է Մադուրոն՝ պաշտոնական տվյալների հրապարակումից հետո։


Կապրիլեսի նախընտրական շտաբը ընտրությունների արդյունքի վերաբերյալ որևէ հայտարարություն դեռևս չի արել։ Սակայն ավելի վաղ՝ քվեարկության ընթացքում ընդդիմադիր թեկնածուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, որ իշխանությունը փորձում է կեղծել ընտրության արդյունքները։


Մադուրոն իր հերթին համախոհներին կոչ էր արել փողոց դուրս գալ՝ ընտրության արդյունքները պաշտպանելու համար։


Ի դեպ, քվեարկության օրը ցանցահենները կոտրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոյի էջը Twitter-ում։


Վենեսուելայում արտահերթ ընտրություններ էին նշանակվել այն բանից հետո, երբ անցյալ տարվա հոկտեմբերին վերընտրված նախագահ Ուգո Չավեսը մահացել էր երկարատև հիվանդությունից։