Այնպես չէ, որ ժամանակ է ձգվում կամ շարժումը հրապարակից անցնում դեպի դահլիճային միջավայր. Ս. Սաֆարյան

12:34 • 15.04.13

«Ժառանգություն կուսակցության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և հետընտրական շրջանում ձևավորված շարժումը ոչ թե ժամանակ է ձգում կամ հրապարակից անցնում դահլիճային միջավայր, այլ պարզապես մեկ շաբաթյա դադար է վերցնում՝ ինստիտուցիոնալիզացման խնդիրները լուծելու համար, ասում է «Ժառանգության» քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
 

«Դահլիճային է, որովհետև Ազատության հրապարակը փաստաթուղթ մշակելու վայր չէ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա ի պատասխան հարցի, թե արդյոք կտրուկ չէ՞ր անցումը Ազատության հրապարակից ապրիլի 19-ին «Անի» հյուրանոցի դահլիճային հանդիպում, հատկապես խոսակցությունների ու մեկնաբանությունների ֆոնին, թե շարժումը մարում է:


«Կարելի է շատ հանրահավաքներ անցկացնել և այդտեղ մարդաշատության խնդիր ո՛չ «Ժառանգությունը», ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը չունեն, այլ բան է, որ այն, ինչ պետք է հայտարարվեր ապրիլի 9–ին, այսինքն՝ երեկոյան հանրահավաքում, արդեն իսկ պետք է սկսվեր շարժման ինստիտուցիոնալիզացման գործընթացը, որպեսզի կազմակերպական և այլ խնդիրներ չծագեն»,– ասաց նա:
 

«Եվ մենք տեսանք, որ ապրիլի 9–ին եղան խնդիրներ, որոնք ոչ այնքան իրավիճակի հետ էին կապված, որքան ինստիտուտների բացակայության: Եվ շարժումը, բնականաբար, պետք է բացառի նման կարգի խնդիրների առաջացումը»,- նկատեց «Ժառանգության» անդամը:


Ստյոպա Սաֆարյանը հավելեց, որ այդ շարժմանը մասնակցող բոլոր քաղաքացիական, քաղաքական շրջանակների ու անհատների հետ, ովքեր մասնակցում են շարժմանը, ամենօրյա աշխատանք է գնում, որպեսզի ապրիլի 19-ին քննարկումների ժամանակ, շատ տարաձայնություններ չլինեն:
 

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող Նախախորհրդարանը ապրիլի 13-ին հայտարարություն է տարածել, որում նշվում էր, թե ստեղծված վիճակը և տարվող պայքարը տանում են դեպի փակուղի: Ստյոպա Սաֆարյանը այս կապակցությամբ ասաց, որ դա իրենց իրավունքն է, ապա ավելացրեց, որ ապրիլի 9-ին, թեկուզև դժվար, բայց շարժումը թևակոխեց երկրորդ փուլ:
 

«Եվ եթե ինչ-որ մեկի համար ապրիլի 9- ին արյունից խուսափելը փակուղի մտնել է, ապա ճիշտ հակառակը, Հայաստանի բոլոր այն շարժումները, որոնք մտել են կոնֆրոնտացիայի դաշտ, արյան դաշտ, այդ ժամանակ են փակուղի մտել, որովհետև իշխանությունը շատ ուժեղ է»,– ասաց նա:
 

«Ես կարծում եմ, որ աննախադեպ մի բան տեղի ունեցավ, երբ «Բարևի» հեղափոխության շարժումը կարողացավ սթափ գտնվել և չվերադառնալ անցյալ ու անցյալի փակուղիներ, որտեղ հայտնվել են ու մարել են բոլոր շարժումները, այդ թվում՝ 2008 թվականին, որը որպես հետընտրական շարժում մարեց «Մարտի 1»-ին: Այս կապակցությամբ, կարծում եմ, անցյալի դասերը չափազանց խոսուն են»,-մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը:
 

Մեկնաբանելով տարածված կարծիքը, թե Րաֆֆի Հովհաննիսյանից և նրա ղեկավարած շարժումից հիասթափության զգալի մասը պայմանավորված էր հրապարակում հնչեցված «վերջնագրային» մի շարք հայտարարությունները չկատարելով, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ այստեղ որևէ տակտիկական սխալներ կամ վրիպումներ չի տեսնում:


«Պատկերավոր ասված խոսքերը, через мой труп, և այլ կարգի արտահայտությունները օրվա մեջ հազար մարդկանց կողմից օգտագործվում են, բայց, կներեք, մարդիկ դա չեն ասում, որ մեռնելու են ինչ-որ մի բան թույլ չտալու համար: Դա վճռականության արդյունք է, և կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը բառիս բուն իմաստով ամեն ինչ արեց, որպեսզի Սերժ Սարգսյանը՝ որպես ընտրված նախագահ, երդում չտար այնպես, ինչպես կարող էր տալ ցանկացած ընտրված նախագահ, որովհետև Ոստիկանությամբ ու զորքով, այդ զորքով շրջապատված, ինչ-որ ելույթ կարդալը, դեռ երդմնակալություն չէ»,- ընդգծեց նա:
 

Ստյոպա Սաֆարյանի անձնական կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մոսկովյան հանդիպման մասին, անպայման, կխոսի: «Բայց տվյալ պարագայում հանրահավաքը, որ տեղի էր ունենում անձրևի տակ, նաև կրճատված ելույթներով ուղղակի այն վայրը չէր, որ պիտի ներկայացվեր դա»,- ասաց նա ի պատասխան հարցի, թե Րաֆֆի Հովհաննիսյանից ակնկալվո՞ւմ էր , որ նա հրապարակում կխոսեր ՌԴ-ում իր հանդիպումների մասին, ինչը, սակայն, չարվեց: Ակնկալիքն այն իմաստով էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9–ին ուղղակի հայտարարել էր, որ կգնա և կհանդիպի ՌԴ նախագահին՝ բերելու ժողովրդի հաղթանակը:


Հետագայում Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, որ իրեն հրավիրել էին ներկայացնելու ժողովրդի մեծամասնության կարծիքը: Հարցին, թե կոնկրետ ինչ արդյունքներ է տվել մոսկովյան այցը, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ դժվարանում է պատասխանել և ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը պետք չէ հասկանալ, թե «հայ ժողովրդի հաղթանակը ընկած է Մոսկվայում և այն գնացել է այնտեղից բերելու»:
 

«Րաֆֆի Հովհաննիսյանը հրաշալի հասկանում է, որ Մոսկվա, Բրյուսելը, Վաշինգտոնը փաստացի իրենց շնորհավորանքներով, որքան էլ շնորհավորեն Հայաստանի դե ֆակտո իրողությունները, այնուամենայնիվ, հաղթանակը հետ բերելու այսպես ասեմ՝ տարածքը այնտեղ չէ: Դրանք ազդեցիկ ուժեր են, որոնք ուղղակի իրենց շնորհավորանքներով նպաստել են այդ վիճակի պահպանմանը, որը ստեղծել է Հայաստանում երկիշխանության վիճակ»,- մեկնաբանեց «Ժառանգության» անդամը:
Ստյոպա Սաֆարյանը նաև նշեց, որ ամսի 19-ին բոլորը կտեսնեն, թե ինչ ուժեր են միանում Ազգային ճակատին. դրանք առաջին հերթին լինելու են «Բարև, Երևան» դաշինքը կազմող քաղաքական ուժերն ու անհատները: