ՄԱԿ–ի զեկույցում Հայաստանը չի մեղադրվում Լիբիային զենք մատակարարելու մեջ. Տիգրան Բալայան

12:47 • 15.04.13

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հերքել է մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, թե Լիբիայի դեմ պատժամիջոցների հարցով աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել է զեկույց, որում նշվում է, թե Հայաստանը զենք է մատակարարել Լիբիա` չնայած գործող պատժամիջոցներին:


«Լիբիային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձևի համաձայն ստեղծված փորձագետների խմբի փետրվարի 15-ի զեկույցում չկա նման ձևակերպում, թե իբրև Հայաստանից զենք է մատակարարվել Լիբիա և ընդհանրապես որևիցե մեղադրանք Հայաստանի նկատմամբ բացակայում է»,– «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան ասել է նա։


Տիգրան Բալայանը նշել է, որ ՄԱԿ–ի կայքում հասանելի զեկույցում, որը հասանելի է ՄԱԿ-ի կայքէջում, նշված են Լիբիա ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման հետ առնչություն ունեցող, տարբեր` այդ թվում նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներում գրանցված մի շարք մասնավոր ընկերություններ:


«Այդ շարքում հիշատակվում են նաև հայաստանյան գրանցում ունեցող երկու ընկերություն: Հայաստանն՝ ի պատասխան փորձագետների խմբի հարցման, ամբողջական և սպառիչ տեղեկատվություն է տրամադրել վերոհիշյալ ընկերությունների և նրանց գործունեության մասին»,– ավելացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։