Թուրքիայի փոխվարչապետը հուսով է, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ չի վերադառնա

13:22 • 16.04.13

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը, ով այցով գտնվում է Փարիզում, հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանն ու խոսել 1915թ. դեպքերի մասին։

 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Առընչը պնդել է, որ հարցը կարող է լուծվել բացառությամբ պատմաբանների ջանքերով։ Նա դարձյալ պնդել է, որ թուրքական արխիվները բաց են ուսումնասիրությունների համար և վերահաստատել է թուրքական կողմի ցանկությունը՝ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցում։

 

Առընչը նաև հարցազրույց է տվել Le Figaro թերթին և հույս հայտնել, որ «1915թ.-ի դեպքերին առնչվող հայկական պնդումների ժխտումը քրեականացնող օրինագիծը», որ Սահմանադիր խորհուրդը հակասահմանադրական էր ճանաչել, դարձյալ չի վերադառնա Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ։

 

Անդրադառնալով նման հավանականությանը՝ Թուրքիայի փոխվարչապետն ասել է, որ «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետք է հստակ արտահայտեր իր որոշումն այս հարցի առնչությամբ»։