Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել է Ոստիկանության օրվա կապակցությամբ

10:40 • 16.04.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկաններին՝ Ոստիկանության օրվա առթիվ։


Ըստ ԼՂՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ուղերձում, մասնավորապես, ասվում է.


«Ոստիկանության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
 

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ, տոն, որը ևս մեկ առիթ է՝ արժևորելու անցած ուղին, անդրադառնալու կատարված աշխատանքներին ու հետագա անելիքներին:

Արցախի Ոստիկանությունն իր ստեղծման օրից արդյունավետորեն իրականացնում է օրինականության, հասարակական կարգ ու կանոնի, քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության պարտականությունները: Նրա առջև դրված խնդիրները կրկնակի պատասխանատու են ու կարևոր, քանի որ մեր նպատակն է կառուցել ժողովրդավարական պետություն, որտեղ կտիրի օրենքի գերակայություն և յուրաքանչյուր ոք իրեն կզգա անվտանգ ու ապահով: Այդ իսկ պատճառով ոստիկանության գործունեության հանդեպ պահանջների նշաձողը չափազանց բարձր է:
 

Վստահ եմ, որ դուք այսուհետ էլ կանեք հնարավորը համակարգի առջև դրված խնդիրները պատվով ու հաջողությամբ լուծելու համար: Իսկ պետությունն էլ շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ձեր աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման հարցերը:
 

Հարգարժան ոստիկաններ,
 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր հարազատներին»: